Բաց փորձ' Գերգիեւի մասնակցությամբ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կոնսերվատորիայի ուսանողները դասերի ավարտից հետո տուն չէին գնացել: Աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւը մասնակցելու էր Պետական երիտասարդական նվագախմբի բաց փորձին, ու ուսանողները հավաքվել էին համալսարանի դիմաց աշխարհահռչակ դիրիժորին էկրանից դուրս'իրական կյանքում տեսնելու: Գերգիեւի հետ եկել էին նաեւ աշխարհահռչակ դաշնակահար Դենիս Մացեւը, բալետիպարուհի Մայա Պլեսեցկայան, կոմպոզիտոր Ռադիոն Շչեդրը եւ այլ երաժիշտներ:
Կոնսերվատորիայի փոքր դահլիճում արդեն հյուրերի ներկայությամբ երիտասարդական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի "ղեկավարմամբ" հնչեցրեց Էդուարդ Միրզոյանի լարայինների եւ լիտավրի համար սինֆոնիայից հատվածներ: Ներկաների ու պատվավոր հյուրերը բուռն ծափահարություններից հետո իր դիտողություններով ու խորհուրդներով կիսվեց Վալերի Գերգիեւը:
"Սովորաբար երաժշտության ոգին մեծ բեմին, ակուստիկ այլ պայմաններում այլ է լինում: Դա պետք է հաշվի առնել: Ինձ հատկապես դուր եկավ սիմֆոնիայի այսպիսի մեկնաբանությունն ու ոգեշնչվածությունը արդեն մեծացած հայ երաժշիտների աստղաբույլի կատարմամբ: Ես ինձանից կախված ամեն ինչ կանեմ, որ այս ոգևորությունները հնչի նաեւ ռուսաստանյան բեմին",-ասաց մաեստրոն' հետաքրքրվելով նաեւ, թե շաբաթական քանի անգամ է նվագախումբը փորձեր անում, գտել է արդյոք իր ռեպերտուարը:
"Տպավորիչ էին մաեստրոյի խոսքերը, տպավորիչ էր առհասարակ նրա ներկայությունը: Ու անգամ եթե հուզում կար, դիրիժորը իրավունք չունի այն ցույց տալ, այլապես հուզմունքը կփոխանցվի նվագախմբին",-լրագրողների հետ կիսվեց երիտասարդ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Թավջութակահար Գառնիկ Ենգիբարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ մեծ պատիվ է նման մեծությունների առաջ ելույթ ունենալը եւ գովեստի խոսքեր կամ դիտողություններ ստանալը:
Կոնսերվատորիայի դահլիճի աժիոտաժը շուտով տեղափոխվեց «Արամ Խաչատրյան» համերգասրահի դիմաց, ուր րոպեներ հետո կսկսվի Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբի համերգը' հենց Վալերի Գերգիևի ղեկավարությամբ: Նշենք, որ այսօրվա և նաև նախօրեի համերգներն անցկացվում են մոսկովյան «Զատկի փառատոնի» շրջանակում, իսկ Հայաստան նրան հրավիրել է «21-ի հեռանկարներ» 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը: