Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբենի վնասվածքը լուրջ չէ

Սպորտ

Հայաստանի ծանրամարտի հավաքականը վերադարձել է Բուխարեստից, որտեղ ավարտվեց Եվրոպայի 2009 թ. առաջնությունը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը ստացած վնասվածքից հետո արագ կապաքինվի: Արարատցի 19-ամյա մարզիկը պոկում վարժության ժամանակ ձեռքի վնասվածքներ ստացել եւ չէր կարողացել շարունակել հետագա պայքարը:

«Ծանրամարտում եւ ընդհանրապես սպորտում վնասվածքները անխուսափելի են: Ոչ ոք ապահովագրված չէ վնասվածքներից: Ռուբենն էլ այս անգամ ստացավ վնասվածք, որը թույլ չտվեց նրան մինչեւ վերջ պայքարել մեդալի համար: Արդեն Բուխարեստում բուժզննումը ցույց տվեց, որ Ալեքսանյանը արագորեն կապաքինվի»,-ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Խոսելով հայ ծանրորդների արդյունքների մասին` Ալավերդյանը ասաց, որ արդյունքները գոհացնող են:
Ֆեդերացիայի քարտուղարը ընդգծեց 69 կգ քաշային Առաքել Միրզոյանի հաջող ելույթը, որը դարձավ ոսկե մեդալակիր. «Առաքելը Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվել էր հոր` բոլորին քաջ հայտնի Օգսեն Միրզոյանի գլխավորությամբ: Բավական լավ էր պատրաստվել Եվրոպայի առաջնությանը եւ նրա հաղթանակը տրամաբանական էր: Նշեմ նաեւ, որ այս քաշային կարգում մեդալների համար շատ լուրջ պայքար էր ծավալվել եւ Առաքելը լուրջ մրցակիցներ ուներ: Իսկ ահա 77 կգ քաշային կարգում մրցակցությունը այս տարի բավական թույլ էր եւ եթե այս քաշային կարգի մեր մարզիկները վնասվածքներ չունենաին, ապա հաղթող կունենայինք»:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի մյուս անդամները մեդալի չէին արժանացել, ինչի պատճառը Փաշիկ Ալավերդյանի կարծիքով, փորձի պակասն էր: Ծանրորդներից շատերը չեն կարողացել ցույց տալ իրենց լավագույն արդյունքները:

Իսկ կանանց պայքարում Հայաստանը ունեցավ 2 արծաթե մեդալ, իսկ Եվրոպայի նախորդ առաջնություններում հաջող հանդես եկած Մելինե Դալուզյանը այս անգամ առանց մեդալի վերադարձավ:

«Մելինեն ծանր հիվանդությունից հետո էր վերադարձել ասպարեզ եւ նրա մասնակցությունը արդեն իսկ հաջողություն էր: Դալուզյանը միանգամից լավ արդյունքի հասնել չէր կարող: Իսկ ահա արծաթե մեդալների արժանացած Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Նազիկ Ավդալյանը ամեն բան արեցին ոսկե մեդալի համար, սակայն չէին կարող միանգամից 10-15 կգ-ով բարելավել իրենց արդյունքները»:

Փաշիկ Ալավերդյանը, որը Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացրել է որպես միջազգային առաջին կարգի մրցավար, խոսեց նաեւ առաջնության կազմակերպվածության մասին. «Մասնակիցներից շատերը փաստեցին, որ Ռումինիան շատ լավ էր կազմակերպել առաջնությունը: Ամեն բան արված էր բարձր մակարդակով եւ ստեղծվել էին բոլոր պայմանները: Հայաստանի պատվիրակությանը աջակցություն ցուցաբերեց նաեւ Ռումինիայում Հայաստանի դեսպան Եղիշե Սարգսյանը, որը հետաքրքրվում էր հայ մարզիկների ելույթներով եւ մենք նրա շնորհիվ մեզ օտար չզգացինք Բուխարեստում»: