Լեւոնի հաղթանակին հավատում են
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը Նալչիկում մեկնարկում է ՖԻԴԵ-ի Գրան-պրիի 4-րդ մրցաշարը, որտեղ ելույթ են ունենալու նաեւ Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը:
Միջազգային բուքմեյքերական գրասենյակները բարձր են գնահատվում միայն Լեւոն Արոնյանի հնարավորությունները, իսկ ահա Վլադիմիր Հակոբյանը ֆավորիտ չի համարվում: Լեւոն Արոնյանի, ուկրաինացի Վասիլի Իվանչուկի եւ Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հաղթանակը գնահատվել է 4.00 գործակցով:
Մասնագետների կարծիքով հենց այս 3 շախմատիստներն էլ պայքարելու են առաջին հորիզոնականի համար: 14 մասնակիցների շարքում 7.00 գործակիցով 4-րդ հորիզոնականում հունգարացի Պետեր Լեկոն: Իսկ ահա Վլադիմիր Հակոբյանի հաղթանակի համար սահմանվել է անհավանական 26 գործակից:
Արոնյանի ֆավորիտ լինելը պատահական չէ, քանի որ հայ շախմատիստը մրցաշարի ամենաբարձր վարկանիշ ունեցող մասնակիցն է (2752): Արոնյանը նախորդ տարի մասնակցել է Սոչիում կայացած Գրան-պրի մրցաշարին եւ տոնել վստահ հաղթանակ:
Մրցաշարի մասնակիցների միջին վարկանիշը կազմել է 2725, ինչը բավական բարձր ցուցանիշ է եւ աննախադեպ Գրան-պրիի խաղարկություններում:
Գրան-պրիի 4-րդ մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմել է 212 հազար եվրո: