Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

39 երկիր պատրաստ է

Սպորտ

Մայիսին Երեւանում կայանալիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել 39 երկրներ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունում «Ա1+»-ին հայտնեցին, որ հայտերը ընդունելու ժամանակը ավարտվելու է մեկ շաբաթից` ապրիլի 23-ին:

Հայտ ներկայացրած 39 հանրապետությունների շարքում են մի շարք նախկին ԽՍՀՄ հանրապետություններ: Մասնավորապես Երեւան են ժամանելու Ռուսաստանի, Լիտվայի, Լատվիայի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Վրաստանի (մասնակցությունը հաստատել է բանավոր), Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի պատանեկան հավաքականները: Առաջնությանը կմասնակցեն նաեւ հարեւան Թուրքիայի եւ Իրանի հավաքականները, իսկ ահա Ադրբեջանը ամենայն հավանականությամբ ներկայացուցիչ չի ունենա:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան շուտով պատրաստվում է շահագործման հանձնել իր պաշտոնական կայքը, որը գործելու www.armenianboxing.am հասցեով: Այս կայքն էլ լինելու է աշխարհի 2009 թ. պատանեկան առաջնության պաշտոնական կայքը: Քարտուղարությունում վստահեցրին, որ առաջնության օրերին պաշտոնական կայքը օպերատիվ տեղեկատվություն է տրամադրելու առաջնության ընթացքի մասին: Մարզահամերգային համալիրում կայանալիք առաջնության ընթացքում սպասվում են նաեւ մի շարք հյուրեր, այդ թվում լրագրողներ արտասահմանից: ՄՀՀ-ում այդ առաջնության օրերին գործելու է արագ հավատարմագրման հատուկ ծառայություն, որը հիմնականում սպասարկելու է մրցաշարի ընթացքում Երեւան ժամանած անձանց:

Իսկ Հայաստանի պատանեկան հավաքականը Ֆեդյա Ալեքսանյանի գլխավորությամբ այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Հավաքին մասնակցում են 29 բռնցքամարտիկներ: Ապրիլի 18-ին հայ պատանիները կմեկնեն Ուկրաինայի Սեվաստոպոլ քաղաք, որտեղ համատեղ հավաք կանցկացնեն Ուկրաինայի պատանեկան հավաքականի հետ: