Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ղարաբաղի հետ համատեղ

Սպորտ

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բասկետբոլի ֆեդերացիաներն առաջիկայում պատրաստվում են ակտիվորեն համագործակցել: Այդ նպատակով Ստեփանակերտ է այցելել ՀԲՖ-ի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը եւ հանդիպել ԼՂՀ բասկետբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Վազգեն Միքայելյանի հետ:

Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը օրերս ընտրվել է Արցախի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ:

«Արցախի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի հետ քննարկեցինք բասկետբոլին առնչվող մի շարք խնդիրներ: Ներկայումս Արցախում բասկետբոլը բավական մեծ մասսայականություն է վայելում: Այս տարի եւս Արցախը Հայաստանի առաջնությունում ունենալու է կանանց եւ տղամարդկանց թիմեր: Արցախը ներկայացուցիչներ է ունենալու նաեւ Հայաստանի պատանեկան առաջնություններում»,- «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:

ՀԲՖ-ն պատրաստակամություն է հայտնել հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերել Արցախի բասկետբոլին: Ըստ Հրաչյա Ռոստոմյանի~ առաջիկայում Ստեփանակերտում անցկացվելու է մարզչական եւ մրցավարական սեմինար. «Նախատեսվում է, որ սեմինարին կմասնակցեն Արցախի մի քանի տասնյակ մարզիչներ եւ մրցավարներ: Առանց լավ մասնագետների եւ մրցավարների մարզաձեւի զարգացումը հեռանկար չունի, ինչի մասին խոսվեց մեր հանդիպման ընթացքում»:

ՀԲՖ-ի նախագահը նշեց, որ հանդիպել է նաեւ ԼՂՀ սպորտի կոմիտեի ղեկավարության հետ. «Ամռանը նախատեսում ենք անցկացնել պատանեկան բասկետբոլի Հայաստանի առաջնություն, որը կազմակերպելու են ՀԲՖ-ն, ԱԲՖ-ն եւ ԼՂՀ-ի սպորտկոմիտեն: Մրցաշարը հավանավար կկայանա հունիսին»: