Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» հաղթում է «Արարատին»

Սպորտ

 

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 3-րդ տուրում առաջատարներ «Փյունիկը» եւ «Միկան» հերթական հաղթանակները տոնեցին:
«Միկան» սեփական հարկի տակ մրցեց «Արարատի» հետ, որը ընթացիկ առաջնությունում չէր վաստակել ոչ մի միավոր: Այս խաղում եւս «Արարատի» խաղացողները պարտություն կրեցին զիջելով 0:2 հաշվով: «Միկայի» կազմում 2 անգամ աչքի ընկավ կոտդիվուարցի Բոտի Դեբելը: Վերջինս առաջին կեսում բացեց խաղի հաշիվը, իսկ 2-րդ կեսի սկզբնամասում կրկնապատկեց այն:

«Արարատը» այս պարտությունից հետո ամրապնդվեց վերջին` 8-րդ հորիզոնականում: Հայաստանի 2008 թ. փոխչեմպիոնը 2009 թ. պաշտոնական 8-րդ խաղում կրեց 8-րդ պարտությունը:

Չեմպիոն «Փյունիկը» առաջին հանդիպումը անցկացրեց «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ մրցեց «Կիլիկիայի» հետ: Խաղի բացահայտ ֆավորիտը «Փյունիկն» էր, սակայն հաղթանակը մեծ դժվարությամբ տրվեց Վարդան Մինասյանի սաներին: 74-րդ րոպեին Գեւորգ Ղազարյանի խփած գոլի շնորհիվ «Փյունիկը» հաղթեց նվազագույն 1:0 հաշվով:

Առաջին միավորները վաստակելուն մոտ էր Կապանի «Գանձասարը», որը սեփական հարկի տակ առաջին կեսից հետո 1:0 հաշվով հաղթում էր «Ուլիսին»: Վերջինս 2-րդ կեսում կարողացավ 2 անգամ գրավել կապանցիների դարպասը եւ տոնել կամային հաղթանակ:
Գյումրիում «Շիրակը» 1:2 հաշվով զիջեց «Բանանցին»: Հյուրերի կազմում առաջին կեսում աչքի ընկան Սամվել Մելքոնյանը եւ Էդուարդ Կակոսյանը: 2-րդ կեսում գյումրեցիներին Կարեն Խաչատրյանի շնորհիվ հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն խաղը փրկել «Շիրակին» չհաջողվեց:

3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 9-ական միավորով գլխավորում են «Փյունիկը» եւ «Միկան»: 6 միավորով լավագույն եռյակը եզրափակում են 6-ական միավոր վաստակած «Բանանցը» եւ «Ուլիսը»:
Ավելորդ չէ նշել, որ Հայաստանի ընթացիկ առաջնությունում առայժմ որեւէ հանդիպում ոչ-ոքիով չի ավարտվել: