Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավաքականը կունենա նոր մարզիչ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը շուտով կունենա նոր գլխավոր մարզիչ: ՀՖՖ-ին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ ֆեդերացիան արդեն նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել Երեւանի "Միկայի" գլխավոր մարզիչ Իվո Շուշակի հետ: Խորվաթ մարզիչը նախկինում մարզել է Վրաստանի ազգային հավաքականը:

Իվո Շուշակը Հայաստանի պատվիրակության կազմում մեկնել է Էստոնիա, որտեղ այսօր կայանալու է Էստոնա-Հայաստան ընտրական հանդիպումը: Այս հանդիպմանը Հայաստանը պատրաստվել է Երեւանի "Փյունիկի" մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, որը փոխարինել է երկուշաբթի երեկոյան պաշտոնանկ արված Յան Պոուլսենին: Վարդան Մինասյանը, որը վերջին տարիներին մշտապես ընդգրկված է եղել հավաքականի մարզչական շտաբում, ներկայումս կատարում է գլխավոր մարզչի պարտականությունները:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում եւ "Միկա" ակումբում Շուշակի թեկնածության մասին տեղեկությունը չհաստատեցին' հրաժարվելով որեւէ մեկնաբանությունից: "Միկա" ակումբում միայն հաստատեցին այն լուրը, որ Շուշակը Հայաստանի պատվիրակության կազմում մեկնել է Էստոնիա:

Խորվաթ մասնագետը "Միկայում" է աշխատում 2008 թ. դեկտեմբերից: Նրա գլխավորությամբ "Միկան" նախապատրաստվեց 2009 թ. մրցաշրջանին' անցկացնելով մի շարք տպավորիչ ստուգողական հանդիպումներ: Շուշակի գլխավորությամբ "Միկան" հաղթանակներով է մեկնարկել նաեւ Հայաստանի գավաթի խաղարկությունում եւ բարձրագույն խմբի առաջնությունում:

Նախկինում խորվաթ մասնագետը աշխատել է մի շարք խորվաթական ակումբներում եւ Թբիլիսիի «Դինամոյում», հավաքականների մակարդակով 2003 թ. գլխավորել է Վրաստանի հավաքականը: Բացի այդ Շուշակը երկար տարիներ ընդգրկված է եղել Խորվաթիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում: