Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայերը հայհոյե՞լ են

Սպորտ

Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Այվար Պոհլակն այսօր հայտարարել է, որ Տալինում գտնվող Հայաստանի ֆուտբոլային պատվիրակության անդամները սպառնացել եւ վիրավորել են իրեն:

Երեկ Հայաստանի հավաքականը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ մեկնել էր Տալին, որտեղ այսօր 20:00-ին աշխարհի առաջնության ընտրական հանդիպում է անցկացնելու Էստոնիայի հետ: Հայաստանի հավաքականը երեկ երեկոյան պետք է մարզում անցկացներ «Ա Լե Կոք Արենա» մարզադաշտում, որտեղ այսօր պետք է կայանա հանդիպումը, սակայն էստոնացիները թույլ չեն տվել հայկական պատվիրակությանը մարզվել այս մարզադաշտում եւ առաջարկել են այլ մարզադաշտ:

Այս հանգամանքն էլ, ըստ Այվար Պոհլակի, զայրացրել է հայկական կողմին. «Հայկական ֆուտբոլի միության գլխավոր քարտուղարը հարցրեց ինձ' իսկ եթե ես հարվածեմ ատամների՞դ: Իսկ հայ ֆուտբոլիստներից մեկը ցանկություն հայտնեց ինձ հետ սեռական հարաբերություն ունենալ: Նրանք բոլորը սպառնում էին, որ թե որքան վատ կլինի մեզ համար Հայաստանում, եթե վիճակահանությունը կրկին մրցակիցներ դարձնի 2 երկրներին»:

Պոհլակը նաեւ հայտնել է, որ մարզադաշտը չի տրամադրվել խոտածածկի ոչ բարվոք վիճակի պատճառով: Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հավաստիացրել է, որ Էստոնիան եւս խաղի նախօրեին մարզում չի անցկացրել «Ա Լե Կոք Արենայում»:

Խոտածածկի ոչ բարվոք վիճակի մասին խոսել է նաեւ Էստոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տարմո Ռուտլին. «Հայերը տեխնիկապես լավ են պատրաստված եւ նրանց առավելությունը դա է, սակայն նման խոտածածկի վրա տեխնիկական հնարավորությունները օգտագործելը բարդ կլինի»: Էստոնիայի հավաքականի ավագ Ռայո Պիրոյան իր հերթին ավելացրել է. «Խաղադաշտը մեզ առավելություն է տալիս: Մենք այս խաղում մտածում ենք միայն հաղթանակի մասին: Ոչ-ոքիից մեծ հիասթափություն կապրենք»:

Ավելացնենք, որ Տալինում այժմ բավական ցուրտ է, իսկ երկուշաբթի օրը տեղացած առատ անձրեւի պատճառով մարզադաշտի խոտածածկը, ըստ էստոնական մամուլի, շարքից դուրս է եկել: