Ուժեղ են բազկամարտից
Աջակցիր «Ա1+»-ինԲազկամարտի (արմռեստլինգ) Հայաստանի 2009 թ. առաջնությունը կկայանա Աբովյանում ապրիլի 18-ին եւ 19-ին: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը' ավելացնելով, որ նախատեսվում է հայ մարզիկների մասնակցությունն այս տարի կայանալիք Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին:
«Ապրիլի 18-ին կկայանա Հայաստանի պատանեկան առաջնությունը, իսկ 19-ին ասպարեզ դուրս կգան արդեն մեծահասակները: Նախատեսվում է, որ առաջնություններին կմասնակցեն շուրջ 150 մարզիկներ»,-նշեց Արսեն Գաբրիելյանը:
Ֆեդերացիայի ղեկավարը նշեց, որ առավել ակտիվ են Հայաստանի հյուսիսային մարզերի ներկայացուցիչները. «Լավ մարզիկներ ունենք Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի, Կոտայքի մարզերից եւ իհարկե Երեւանից: Այս բնակավայրերից կարելի է ընդգծել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը»:
Առաջիկա առաջնությունում կորոշվի նաեւ, թե ովքեր են ներկայացնելու Հայաստանը Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում: Եվրոպայի 2009 թ. առաջնությունը կայանալու է հունիսի 1-6-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, իսկ աշխարհի առաջնությունը սեպտեմբերին' Իտալիայի Ռոսոլինա քաղաքում:
Ներկայումս բազկամարտի միջազգային ֆեդերացիայի առաջատար մարզիկների վարկանիշային աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչներից ընդգրկված է 70 կգ քաշային Վլադիմիր Մնացականյանը: Վերջինս ձախլիկ է եւ աշխարհի գործող չեմպիոնը, ուստի գլխավորում է այս քաշային կարգի բազկամարտիկների վարկանիշային աղյուսակը: