Բասիեւը կրկին Հայաստանի հավաքականում
Աջակցիր «Ա1+»-ինՀայտնի է դարձել Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը, որը մասնակցելու է մարտի 31-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը: Ազատ ոճի հավաքականը առաջին անգամ Եվրոպայի առաջնությունում ելույթ կունենա մարզիչ Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ:
Վերջին տարիներին ազատ ոճայինները խիստ անհաջող են հանդես գալիս միջազգային ասպարեզներում: Նախորդ տարվա Եվրոպայի առաջնությունում Հայաստանը որեւէ մեդալ չնվաճեց, իսկ 2008 թ. օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրին ընդամենը 3 ըմբիշներ, որոնք նույնիսկ մոտ չէին մեդալին:
Դա էր պատճառը, որ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանը 2008 թ. աշնանը հրաժարական տվեց: Այժմ հավաքականը գլխավորող Արայիկ Բաղդադյանը հավաքականում ընդգրկել է 7 ըմբիշների, որոնք Հայաստանը ներկայացնելու են Վիլնյուսում կայանալիք «հին աշխարհամասի» առաջնությունում:
Հավաքականում ընդգրկված են 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, 60 կգ Արթուր Առաքելյանը, 66 կգ Ժիրայր Հովհաննիսյանը, 74 կգ Սուրեն Մարկոսյանը, 84 կգ Հարություն Ենոքյանը, 96 կգ Էդգար Ենոքյանը եւ 120 կգ Ռուսլան Բասիեւը:
Ինչպես եւ հունա-հռոմական ոճում, այնպես էլ ազատ ոճում Հայաստանում առայժմ չկա 120 կգ քաշային բարձրակարգ ըմբիշ, ուստի հավաքականի մարզիչները դարձյալ հավաքականում են ընդգրկել Ռուսաստանից հրավիրված Ռուսլան Բասիեւին: Վերջինս նորեկ չէ Հայաստանում եւ ժամանակին մեր հանրապետության դրոշի ներքո աշխարհի առաջնությունում արժանացել էր բրոնզե մեդալի: