Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հույս ունենք, որ Բերեզովսկին կգա»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը այսօր իր առաջին մարզումը կանցկացնի մարտի 28-ին Էստոնիայի հետ կայանալիք հանդիպումից առաջ: 17:00-ին հավաքականը «Փյունիկի» մարզադաշտում մարզում կանցկացնի առանց դարպասապահ Գեւորգ Կասպարովի եւ Քարամյան եղբայրների, որոնք առայժմ չեն ժամանել հավաքականի ճամբար:

Այս մասին «Ա1+»-ին հայտնեց հավաքականի գլխավոր մարզչի օգնական Վարդան Մինասյանը. «Հրավիրված բոլոր թեկնածուները եկել են, բացառությամբ դարպասապահ Գեւորգ Կասպարովի, ինչպես նաեւ Արման եւ Արտավազդ Քարամյանների: Նրանք էլ շուտով պետք է միանան մեզ: Առայժմ դժվարանում եմ ասել, թե ինչ մարզավիճակում են ֆուտբոլիստները: Առաջիկա մարզումներից հետո ավելի հստակ կարելի է այդ մասին խոսել: Ներկայումս թեթեւակի վնասվածքներ ունեն Արթուր Ոսկանյանը, Ռոբերտ Արզումանյանը եւ Հենրիխ Մխիթարյանը, բայց կարծում եմ` խաղին օրը ի վիճակի կլինեն դուրս գալ խաղադաշտ»:

Վարդան Մինասյանի կարծիքով` մարտ ամսին ֆուտբոլիստներին դժվար է Հայաստանում լավ մարզավիճակում լինել. «Հայաստանում մրցաշրջանը նոր է մեկնարկել եւ ֆուտբոլիստները դեռ չեն կարող լավ մարզավիճակում լինել: Գիտեք, որ Ռոբերտ Արզումանյանը վերջին ամիսներին այլեւս հանդես չի գալիս դանիական «Ռանդերսում», Վահագն Մինասյանը նույնպես խաղային պրակտիկա չունի եւ հայտնի պատճառներով պարզապես մարզվում է: Բայց Էստոնիան եւս նույն վիճակում է, քանի որ նրանց խաղացողները եւս նոր են սկսել մրցաշրջանը»:

Մարզավիճակից բացի հավաքականը ունի նաեւ կադրային խնդիրներ: Անորոշ է հավաքականի հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկու հարցը, որը Ռուսաստանում լեգեոների կարգավիճակից խուսափելու համար չի ժամանել Հայաստան: Ըստ Վարդան Մինասյանի` ամեն ինչ կորած չէ. «Հույս ունենք, որ Ռոման Բերեզովսկին, այնուամենայնիվ, կժամանի հավաքական»:

Մինասյանը հայտնեց նաեւ, որ մարզումներին զուգահեռ ուսումնասիրում են նաեւ Էստոնիայի հավաքականի խաղը. «Մեր տրամադրության տակ է փետրվարին կայացած Ղազախստան-Էստոնիա (2:0 -խմբ.) հանդիպման տեսագրությունը: Մինչ այս դիտել էինք նաեւ Բոսնիա-Էստոնիա (7:0 -խմբ.) խաղի տեսագրությունը: Տեղյակ ենք նաեւ թե ինչ կազմով են ժամանելու Երեւան»: