Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որակազրկումներ եւ համեստ արդյունքներ

Սպորտ

Լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականը վերադարձել է Թուրքիայում կայացած միջազգային մրցաշարերից: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ Հայաստանի ներկայացուցիչները հարեւան հանրապետությունում ցույց չեն տվել իրենց լավագույն արդյունքները:

Հայաստանը մասնակցել է Էրզրումում եւ Կարսում կայացած 2 միջազգային մրցաշարերի, որտեղ տղամարդկանց պայքարում Հայաստանը ունեցել է 4 ներկայացուցիչ, իսկ կանանց պայքարում` 2:

Էրզրումում հանդես են եկել 75 դահուկորդներ: Հատուկ ոլորավայրէջքում Աբրահամ Սարկախյանը գրավել է 13-րդ հորիզոնականը, Յուրա Մանուկյանը` 30-րդ,, Արսեն Ղազարյանը` 44-րդ: Իսկ ահա Արսեն Ներսիսյանը 2-րդ փորձը անհաջող է կատարել եւ որակազրկվել: Հսկա ոլորավայրէջքում Հայաստանը բարեբախտաբար որակազրկում չի ունեցել, սակայն արդյունքները դարձյալ բարձր չեն եղել: Ամենահաջողը մերոնց շարքում դարձյալ եղել է Աբրահամ Սարկախյանը, որը գրավել է 12-րդ հորիզոնականը:

Էրզրումից դահուկորդները ուղեւորվել են Կարս, որտեղ եւս հայ դահուկորդները չեն փայլել: Հատուկ ոլորավայրէջքում Արսեն Ղազարյանը որակազրկվել է 1-ին փուլում, իսկ հավաքականի առաջատար Աբրահամ Սարկախյանը գրավել է 22-րդ հորիզոնականը: Հսկա ոլորավայրէջքում 11-րդ տեղում է հայտնվել Արսեն Ներսիսյանը, իսկ Աբրահամ Սարկախյանը այս անգամ հանգրվանել է 21-րդ տեղում:

Ավելի անհաջող են հանդես եկել կանայք, որոնք ի տարբերություն տղամարդկանց` միջազգային ելույթների մեծ փորձ չունեն: Էրզրումում Տաթեւիկ Մուրադյանը եւ Սիրանուշ Մաղաքյանը հատուկ ոլորավայրէջքում որակազրկվել են, իսկ հսկա ոլորավայրէջքում 31 մասնակիցների շարքում Տաթեւիկը գրավել է 25-րդ հորիզոնականը, իսկ Սիրանուշը` 30-րդ: Գրեթե նույն պատկերն է եղել նաեւ Կարսում կայացած մրցաշարում:

Գագիկ Սարգսյանը ընդգծեց, որ կանանց պայքարում Հայաստանը առայժմ օլիմպիական ուղեգրերի համար պայքարել չի կարող. «Դեռ հնարավորություն կա, սակայն իրատեսական չէ, որ Հայաստանը կանանց պայքարում եւս ունենա օլիմպիական մասնակից: Ներկայումս մեր աղջիկների արդյունքները բավական թույլ են ուղեգրեր նվաճելու համար»: