Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բասկետբոլի կանոնները փոխվել են

Սպորտ

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻԲԱ-ն, արդեն որոշ նորամուծություններ է կատարել մարզաձեւում, որոնք կկիրառվեն նաեւ Հայաստանի բասկետբոլի առաջնություններում: ՀԲՖ-ի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը «Ա1+»-ին հայտնեց, որ նոր կանոները հայ մրցավարներին փոխանցելու համար ֆեդերացիան անցկացրել է սեմինար:

Ներկայումս Ռոստոմյանը հանդիսանում է Հայաստանի միակ միջազգային կարգի մրցավարը, ուստի սեմինարի ընթացքում մրցավարների նորամուծությունների մասին տեղեկացրել է անձամբ. «Ֆեդերացիան մեծ կարեւորություն է տալիս մրցավարությանը եւ օրերս անցկացրած սեմինարի ընթացքում հավաքագրել էինք լավագույն մրցավարներին: Կան մի շարք նորամուծություններ, որոնցից կառանձնացնեի մեկը: Այսուհետեւ բասկետբոլում եւս գործելու է «վերջին հույսի» կանոների խախտումը, որը վերջին տարիներին առկա է ֆուտբոլում: Եթե ֆուտբոլում նման խախտման համար խաղացողը ստանում է կարմիր քարտ եւ նշանակվում է տուգանային, ապա բասկետբոլում կլինի տեխնիկական տուգանք»:

Տեխնիկական տուգանքը տուժող կողմին հնարավորություն կտա կատարել 2 տուգանային նետում եւ խաղը վերսկսել եզրից:

Հրաչյա Ռոստոմյանը հայտնեց նաեւ, որ Ռուսաստանից հրավիրված 6 հայ պատանի բասկետբոլիստները Հայաստան կժամանեն 1 ամիս անց. «Նախապես հայտարարել էինք, որ տղաները Երեւան կժամանեն մարտի 23-ին, սակայն որոշ խնդիրներ առաջացան: Հայ բասկետբոլիստների ակումբներն իրավունք են ստացել Ռուսաստանում ելույթ ունենալ փլեյ-օֆֆում եւ թիմերը խնդրել են նրանց Հայաստան հրավիրել ավելի ուշ: Որոշեցինք ապրիլին անցկացնել պատանեկան հավաքականի ուսումնամարզական հավաքը, որին կմասնակցեն նաեւ Ռուսաստանից հրավիրված մեր հայրենակիցները»:

Ապրիլին կմեկնարկեն նաեւ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները: Ֆեդերացիայի ղեկավարը նշեց, որ դեռ հստակեցվում են մասնակիցների կազմերը. «Կարեւորը, որ առաջնություններին մասնակցեն ակումբներ, որոնք ի վիճակի են մինչեւ վերջ շարունակել ելույթները: Այս պահի դրությամբ տղամարդկանց եւ կանանց առաջնություններին պատրաստ են մասնակցել 6-ական թիմեր»: