«ԻՆՁ ՃԱՆԱՉԵԼՈՎ, ՀԱՎԱՏԱԼՈՎ ԵՆ ՊԱՏՎԻՐՈՒՄ»
Աջակցիր «Ա1+»-ին«Այսօրքանդակագործությունը այլ ուղղությամբ է գնում, սլանում է ազատ շուկայի պես: Տեսնու՞մ եք` ինչ է կատարվում մեր շուրջը երգի ասպարեզում: Երաժշտության ասպարեզում ամեն ինչ կա, բացի լուրջ երաժշտությունից: Նույնն էլ քանդակագործության մեջ է»,-ասում է քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը:
«Ա1+»-ի հետ զրույցում միջազգային «Պեմզա 2008» քանդակագործական սիմպոզիումից վերադարձած քանդակագործը ասաց, որ ապշած է քանդակագործական նորարարական մոտեցումներով աշխարհում եւ հիասթափված հայաստանյան համընդհանուր անտարբերությամբ:
«Համալսարանում ճարտարապետություն եմ դասավանդում եւ տեսնում եմ, որ հետաքրքրություն չկա սերնդի մոտ: Դա գուցե մեր սոցիալական վիճակի մեղքով է: Բոլորը ցանկանում են այնպիսի գործեր ստեղծել, որոնք կվաճառվեն»,-ասում է Լեւոն Թոքմաջյանը: Նա նշում է, որ 60-ականներին քանդակագործների դպրոց կար, բայց այսօր այդ սերունդը մեծանում է եւ փոխարինողներ չկան:
«Հետադարձ հայացքով նայում եմ իմ գործերին եւ զարմանում եմ, թե ոնց եմ այդպես մտածել: Հա, շատ բան է փոխվել, ես արդեն երկրորդ հասարակարգում եմ ապրում, առաջինը` սոցիալիստական, երկրորդը` ավելի ազատ շուկայական ու ես ինձ այս երկրորդում չեմ տեսնում, ինձ լավ չեմ զգում»,-ասում է քանդակագործը:
Նա նշում է, որ նրա որդին` քանդակագործ Հայկ Թոքմաջյանը, բոլորովին ուրիշ կերպ է մտածում եւ դա նորմալ է: Քանդակագործը պատմում է նաեւ, որ վերջին շրջանում իր քանդակների պատվերներն ինքն է անում: «Ինքս առաջարկում եմ, իմ էսքիզներն են ցույց տալիս, ինձ ճանաչելով, հավատալով պատվիրում են: Միշտ չէ, որ այսպես է»,-ասում է Լեւոն Թոքմաջյանը: