ՇԵՐՈՆ ՍԹՈՈՒՆԸ ՈՒԶՈՒՄ Է ԳԱԼ ԵՐԵՎԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինԵրգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը նախապատրաստում է մի նոր նախագիծ, որն անդրադառնալու է աշխարհում տեղի ունեցած բոլոր բռնությունններին, ահաբեկչություններին, ցեղասպանություններին:
Նախագիծն ըստ էության կլինի երաժշտական խաղարկային ֆիլմ-տեսաշար, որը բաղկացած կլինի Ֆլորա Մարտիրոսյանի հայտնի երեք երգերից՝ «Դլե յաման», «Ադանա», «Քելե լաո»: Ֆիլմի ընդհանուր տեւողությունը կլինի մոտավորապես 8 ու կես րոպե եւ կկոչվի «106 բանաձեւ»: Խոսքը ԱՄՆ սենատի ստորին պալատի կողմից դրական եզրակացություն ստացած բանաձեւի մասին է, որը ֆիլմի հեղինակները հույս ունեն, որ կընդունվի, եւ ֆիլն էլ դրա համար խթան կհանդիսանա:
«106 բանաձեւ» է խորագրված նաեւ հոլիվուդյան հայտնի կինոաստղ Շերոն Սթոունի եղբայր՝ Մայքլ Սթոունի բանաստեղծությունների շարքը, որոնք զուգահեռ կհնչեն ֆիլմի ընթացքում:
Ի դեպ, վերջինս եւ Շերոն Սթոունը մեկ տարի առաջ շատ պատահական ներկա են գտնվել Ֆլորա Մարտիրոսյանի համերգին, որի ընթացքում Շերոնը սկսել է արտասվել: Մարտիրոսյանի ասելով՝ Շերոն Սթոունը խոստացել է նաեւ ֆիլմի պատրաստ լինելուն պես այն ակտիվորն ներկայացնել ամենուր՝ ընդհուպ մինչեւ ԱՄՆ կոնգրես:
Ֆիլմի առաջին ցուցադրումը տեղի կունենա 2009թ. ապրիլի 24-ին: Շերոն Սթոունը եւս պատրաստակամություն է հայտնել գալ Երեւան ու ներկա գտնվել ցուցադրմանը:
Ֆիլմի հերոսները հայ, հույն, թուրք, ամերիկացի երիտասարդներն են, որոնք յուրաքանչյուրն իր երկրում սկսում են միմյանց հետ շփվել ինտերնետում: Սցենարի ավարտին թուրք երիտասարդն իր համար նոր բաներ է պարզում 1915թ. շրջանի դեպքերի մասին եւ որոշում գալ Երեւան: Ֆիլմի հեղինակների հավաստիացմամբ՝ ոչ մի քննադատություն ֆիլմում չկա, այլ երիտասարդների կողմից կա փորձ տեղեկանալու, թե իսկապես ինչ է տեղի ունեցել, քանի որ Ստամբուլում ինֆորմացիայի մեծ պակաս կա, աղավաղված, քարացված պատկերացում ունեն 1915թ. մասին: Սա, ըստ Մարտիրոսյանի՝ դեռ չի նշանակում, որ անընդմեջ ցուցադրվելու են ցեղասպանության վավերագրական կադրերը: Դրանք ֆիլմում կլինեն շատ աննշան եւ միայն մի պահ կներկայացվի թուրքահայ հրապարակախոս Հրանտ Դինքի թաղման թափորը:
Ֆիլմի նկարահանումները տեղի կունենան Հայաստանում, Հունաստանում, Թուրքիայի Անատոլիայի մասում, Ստամբուլում, Արեւմտյան Հայաստանում: Ի դեպ, որոշ նկարահանումներ արվել են նաեւ Լոս Անջելեսում: «106 բանաձեւ»-ի բյուջեն, ֆիլմի հեղինակների վստահեցմամբ՝ առանձնապես մեծ չէ՝ կկազմի մոտավոր 11 մլն դրամ:
Թուրքիայում նկարահանումների անցկացման համար որեւիցե խոչընդոտ չի լինի, քանի որ արդեն կա նախնական պայմանավորվածություն այնտեղի պրոդյուսերական մի ընկերության հետ, որը «Ոսկե ծիրան»-ի ժամանակ եւս համագործակցել է հայ կինոգործիչների հետ: