Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԵՐՆԴԻ ՀԵՐՈՍԻՆ ԿԵՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ

Մշակույթ

«Ես ֆիլմեր նկարում եմ ոչ թե մրցանակների, այլ ժողորդի համար, ես նկարում եմ հայի մասին»,- այսօր «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կինոռեժիսոր, Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտ Մկրտչյանը: Նրա նոր` «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը հաջորդ շաբաթ ցուցադրվելու է Հանրային հեռուստատեսությամբ: Մինչ այդ ֆիլմը ցուցադրվել է Երեւանի եւ Ռուսաստանի կինոթատրոններում եւ արժանացել մասնագետների բարձր գնահատականին:

«Ֆիլմում ներկայացված է ղարաբաղյան պատերազմը, մեր հաղթանակը, մութ ու ցուրտ տարիները»,- ասում է կինոռեժիսորը եւ նշում, որ չի ցանկանում ինքնագովեստով զբաղվել, այլ ֆիլմը հանձնում է հանդիսատեսի դատին:

Իսկ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասաններն օրեր առաջ են վերադարձել Հալեպից, որտեղ առաջին անգամ բեմադրել են «Հացթուխի կինը» ներկայացումը: «Բեմում խաղում էին երիտասարդ դերասանները, սակայն խաղի կեսից Ֆրունզը/Մհեր Մկրտչյանը/ միջամտում է վիդեոպրոդուկցիայի միջոցով, շատ հուզիչ էր ստացվել»,- ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտ Մկրտչյանը, որը Մհեր Մկրտչյանի եղբայրն է:

Անվանի կինոռեժիսորը կարծում է, որ նոր սերունդը թեեւ շատ հերոսներ ունի, բայց նրանք բեմում եւ էկրանին չեն երեւում: «Սերնդի հերոսին կերտելու համար գումար է անհրաժեշտ,- ասում է Ալբերտ Մկրտչյանը եւ հավելում,- Ֆրունզի, Սոսի, Խորենի երամը գնաց, նորը պետք է գա»: