ՔՎԵՆ ԹՈՂՆՈՒՄ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՆոր-Նորքի բնակիչները առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ հույսեր չեն կապում: Նրանք նշում են, որ թաղապետ է դառնալու նա, ով հարմար է այս իշխանություններին եւ ժողովրդի կամքը ընդհանրապես հաշվի չի առնվելու: Նոր- Նորք համայնքում սեպտեմբերի 28-ին տեղի են ունենալու համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու ընտրություններ: Համայնքի ղեկավարի պաշտոնում մրցակցում են երկու հանրապետականներ՝ գործող թաղապետ, արդեն երրորդ ժամկետի համար իր թեկնածությունը առաջադրած Դավիթ Պետրոսյանն ու Մելիք Գասպարյանը:
Նշենք, որ Նոր- Նորքում, հատկապես վերջին շրջանում, մեծ թափ է առել շինարարությունը: Փողոցի մայթերն են ասֆալտապատվում, որոնք երկար տարիներ քանդած էին:
«Միայն ընտրություններից առաջ են հիշում, որ պետք է գեղեցկացնեն համայնքը, ձմռանը այնպիսի սառույց է պատում շենքի բակերում, որ ով ընկնի, դժվար թե կենդանի մնա, թող մտածեն, որ մի մեքենա ավազ կամ աղ բերեն եւ շաղ տան, այլ ոչ թե հիմա ասֆալտ անեն, ուղղակի ուզում են մադկանց աչքին լավը երեւան, բայց դա իրենց մոտ չի ստացվի»,- ասում է Միշա պապիկը:
Իսկ ահա Հասմիկ Պետրոսյանն էլ կարծում է, որ թաղապետը պետք է մտածի իր բնակիչների համար, եւ հետաքրքիր միջոցառումներ կազմակերպի, քանի որ Նոր Նորքը ծայրամաս է, իսկ բազմաթիվ մարդիկ չեն կարող իրենց երեխաներին Կենտրոն տանել՝ կարուսելներից օգտվելու համար:
Նոր Նորքի բնակիչները նաեւ մտահոգված էին նորատունկ ծառերի համար՝ նշելով, որ դրանք միայն տնկվում են, բայց չեն ջրվում եւ ժամանակ անց դրանք չորանում են:
Հռիփսիմե Գալստյանն էլ նշում է, որ հատկապես վերջին շրջանում ակտիվացել են հեռախոսազանգերը եւ «անկոչ» հյուրերը, որոնք փորձում են ճշտել, թե որ թեկնածուին են ընտրելու:«Զանգում են հեռախոսով եւ ասում, որ դուք պարտավորվել եք ընտրել գործող թաղապետ Դավիթ Պետրոսյանին: Ես ոչ ընտրությանն եմ գնալու եւ ոչ էլ ինչ-որ մեկին եմ ընտրելու, քանի որ այս ամենը ձեւականություն է եւ ընտրվելու է հանրապետականներից մեկը»:
Ի դեպ, բնակիչները նշում են, որ իրենք պետք է ընտրություն կատարեն ոչ թե լավի ու վատի, այլ վատի ու վատթարագույնի միջեւ եւ տվյալ պարագայում նրանք նախընտրում են ընդհանրապես չմասնակցել առաջիկա համայնքի ղեկավարի ընտրություններին, թեեւ գիտակցելով, որ այդ դեպքում իրենց քվեները կօգտագործվեն իշխանությունների հայեցողությամբ: