Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐԸ ԽԱԲՈՒ՞Մ ԵՆ

Հասարակություն

««ՍԱՍ» սուպերմարկետից թեյ գնեցի, գնապիտակի վրա գրված էր մոտ 2.000 դրամ, երբ մոտեցա դրամարկղին, պարզվեց գինը 4000-ից ավել է, ամոթից առա, բայց հետո ինձ խաբված զգացի»,- «Ա1+»-ին գանգատվեց քաղաքացի Ժենյան, ում խոսքով՝ սուպերմարկետներում գնորդներին խաբում են. «Հատկապես երբ շատ ապրանք ես գնում, չես հասկանում, թե ինչու է այդքան մեծ գումար կազմում»:

«ՍԱՍ» սուպերմարկետը միակը չէ, որի վերաբերյալ «Ա1+»-ը քաղաքացիների դժգոհություններն է լսել: Նմանատիպ խնդիր կա նաեւ «Սթար» սուպերմարկետում. «Ապրանքի գինը ավելի էժան են գրում, գնորդը վերցնում է, մոտենում է դրամարկղին, այնտեղ ավելի շատ գումար են ուզում, քան այդ ապրանքն արժե, գնորդը շատ անգամ չի էլ հասկանում, որ իրեն խաբել են»,- ասում է քաղաքացի Էլմիրան, ով թեեւ ոչ հաճախակի, բայց երբեմն ստիպված է լինում օգտվել սուպերմարկերտներից, քանի որ մյուս խանութներում չի կարողանում գտնել շատ ապրանքներ, որոնք սուպերմարկետում են վաճառվում:

Այցելեցինք «ՍԱՍ» սուպերմարկետ, որի մենեջեր Ադան չհերքեց, որ նման դեպքեր լինում են. «Իհարկե, հնարավոր է մեկ-երկու նման սխալներ, ինչը ցանկացած սուպերմարկետում էլ կարող է պատահել, սակայն այստեղ գնորդներին խաբելու ոչ մի դիտավորություն չկա»:

Իսկ «Սթար» սուպերմարկետի մենեջեր Վահե Շխոյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ համակարգչում ինչ գին մուտքագրված է, այն էլ տպում են եւ որպես գինապիտակ փակցնում: Սակայն պատահում է, որ որեւէ ապրանքի գին համակարգչում փոխվում է եւ այն մի քանի րոպեների ընթացքում, որ պետք է նոր գինը տպեն եւ փակցնեն, գնորդներից մեկը գնում է տվյալ ապրանքը: «Այդ ժամանակ գնապիտակում նշված է հին գինը, բայց համակարգչում մուտքագրված է արդեն նորը, բայց դա միայն մի քանի րոպե է տեւում»,- ասում է Վահե Շխոյանը: «Սթարի» մենեջերի խոսքերով՝ գների շփոթության պատճառը հենց գնորդներն են: «Նրանք վերցնում են ապրանքը, նայում եւ մեկ այլ տեղ են դնում, որտեղ մյուս ապրանքի գինն է նշված, դա էլ շփոթություն է առաջացնում»: