«ԱՄՈԹ, ԱՄՈԹ, ԱՄՈԹ» / VIDEO /
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչեւ հաղթենք»,- սա էր այսօրվա երթի կարգախոսը, որը ժամանակ առ ժամանակ հայտարարում էին երթը գլխավորողները: Այսօրվա երթի մայրուղին նույնպես տարբերվում էր նախորդ օրվա երթերից: Այսօր «Լեւոն նախագահ», «Սերժիկ, հեռացիր», «Պայքար, պայքար մինչեւ վերջ»,- վանկարկումները լսվեցին Տերյան փողոցում, մետրոյի «Երիտասարդական» կայարանի շրջակայքում, Աբովյան եւ Թումանյան փողոցներում:
Երբ երթի մասնակիցները հասան ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի շենքի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մոտ /դրանք կողք կողքի են գտնվում-խմբ/ բղավեցին. «Ամոթ, ամոթ, ամոթ»: Փորձեցինք պարզել, թե այդ «ամոթ»-ը ում էր հասցեագրված, սակայն երթի մասնակցիները այդպես էլ հստակ չտարբերակեցին. «Երկուսին էլ ամոթ»,- ասաց Սերգեյ պապիկը եւ ավելացրեց. «Եթե Եվրոպան նման ընտրությունները ճանաչում է, ուրեմն նրանց էլ ամոթ»:
Ինչպես միշտ, երթի մասնակիցերին ողջունում էին նշված փողոցի բնակիչները եւ միանում նրանց: Թեեւ երթի մասնակցողները բավականին շատ էին, հայտարարվեց, որ երթին մասնակցում են Ազատության հրապարակի մարդկանց ընդամենը 20 տոկոսը: «Մարդկանց մեծ մասը Ազատության հրապարակում շարունակում է հանրահավաքը»,- հայտարարում էին երթը գլխավորողները: Այսօր էլ հնչեցին ծափահարություններ ոստիկանության համար, որոնք մեքենայով անցնում էին երթի առջեւով` կրկնելով, որ երթի մասնակիցների գործողությունները անօրինական են: Սակայն հենց այն պահին մարդիկ ավելի բարձր էին բղավում «Սերժիկ, հեռացիր»` խլացնելով ոստիկանի ձայնը:
Երթի մասնակիցներն արդեն հասել էին Ազատության հրապարակ եւ հասցրել էին մի քանի պար պարել, երբ մյուս մասնակիցները դեռ Թումանյան փողոցում դրոշակներ էին ծածանում: