ԱԲԽԱԶՆԵՐԻՆ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է ՆՈՐ ՕՐԵՆՔԸ
Աջակցիր «Ա1+»-ինՄտահոգության տեղիք է տվել այն կանխատեսումը, որ աբխազական լեզվի գործածությունը խթանելու համար ստեղծված նոր օրենքը կարող է հակադարձ ազդեցություն ունենալ:
Անահիտ Գոգորյան` Սուխումից
Աբխազական լեզվի կարգավիճակի ամրապնդման համար ընդունված նոր օրենքը ուժի մեջ մտնելով մտահոգության տեղիք է տալիս, որ այն կհրահրի մարդկանց հեռանալ հանրապետությունից եւ կհարվածի անկախ մամուլին:
Նոյեմբերի 27-ին, փաստացի նախագահ Սերգեյ Բագապշը ստորագրեց Աբխազիայի Հանրապետության պետական լեզվի մասին օրենքը, որը աբխազերենին տալիս է պաշտոնական հաղորդակցման լեզվի կարգավիճակ:
Օրենքի նախագիծը Խորհրդարանում քննարկվեց յոթ տարի, անցնելով երկու ընտրություններով, մինչեւ վերջնականապես ընդունվեց նոյեմբերի 14-ին: Օրենքը աբխազերենին պետական լեզվի կարգավիճակ է տալիս ռուսերենի հետ միասին, ընդ որում շատ կարճ ժամանակ հատկացնելով հանրային հաղորդակցման լեզու դառնալու ընթացքի համար:
Սկսած 2010թ. նախագահի, խորհրդարանի եւ կառավարության բոլոր նիստերը պետք է վարվեն աբխազերեն, իսկ սկսած 2015թ. բոլոր պետական պաշտոնյաները պարտավոր կլինեն օգտագործել աբխազերենը իրենց առօրյա գործավարության մեջ:
Աբխազերենը պատկանում է կովկասյան լեզուների ընտանիքին, որը ոչ բնիկ-լեզվակիրները դժվարամատչելի են գտնում: Աբխազական այբուբենը ունի ապշեցուցիչ 64 թվով տառեր, որոնք արտահայտում են աբխազերենի բարդ հնչյունները:
Խորհրդային ժամանակաշրջանում աբխազերեն լեզվով դպրոցները փակվել էին եւ փոխարենը ներմուծվել էր վրացերենը, որը լրիվ այլ կառուցվածքային կազմ ունեցող լեզու է, ինչի արդյունքում էթնիկ աբխազ բնակչության ընդհուպ մինչեւ մեկ երրորդը չի տիրապետում ներկայումս իր սեփական լեզվին եւ նույնիսկ ավելի շատերն անկարող են կարդալ ու գրել աբխազերեն:
Սա է այն հիմնական պատճառը, թե ինչու Աբխազիան, որտեղ բուն էթնիկ աբխազների հետ մեկտեղ բնակվում է մեծ հայազգի եւ ռուսազգի բնակչություն, դարձել է արդյունքում ռուսախոս տարածք: Դպրոցի տարրական դասարաններում ուսուցումը աբխազերեն է, բայց ավելի բարձր դասարաններում ուսուցումը փոխվում է ռուսերենի: Ըստ նոր ծրագրի ուսումնական առարկաների մեծ մասը պետք է դասավանդվի աբխազերեն լեզվով:
Այդուհանդերձ, օրենքն ընդունվեց խորհրդարանի կողմից 2008թ. պետական բյուջեն հաստատելուց հետո, ինչը նշանակում է, որ լեզվի ուսուցման պատվախնդիր ծրագրի իրականացման համար ֆինանսական միջոցներ չեն հատկացվել:
Աբխազերեն ուսուցիչների մեծ պակաս կա: 1993թ. վրաց-աբխազական պատերազմի ավարտից հետո, ինչի արդյունքում աբխազական տարածքը փաստացի անկախություն ձեռք բերեց, ընդամենը 458 շրջանավարտ է եղել հանրապետության համալսարանի աբխազական լեզվի եւ գրականության ֆակուլտետից: Ներկայումս 247 ուսանող է սովորում այնտեղ:
Ըստ գնահատականի աբխազերենի ուսուցիչների կարիք ունեն 147 դպրոցներ, եւ եւս մոտ 50 ուսուցիչներ են պետք ընթացիկ կարիքները հոգալու համար: Ուսուցիչները դժկամությամբ են գնում գյուղական դպրոցներում աշխատելու, որովհետեւ աշխատավարձերն այնտեղ ցածր են: Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման կոչերը առայժմ դրական արձագանքի չեն արժանացել:
Գունդա Կվիցինիան, Աբխազական լեզվի Հիմնադրամի նախագահը, ջերմորեն ողջունեց նոր օրենքը, սակայն ընդունեց նաեւ, որ հսկայական աշխատանք պետք է կատարվի` հավուր պատշաճին այն իրականացնելու համար:
"Մարդը տանից դուրս գալով պետք է աբխազերեն խոսի, բայց այստեղ ամենուրեք ռուսերեն են խոսում," ասում է Կվիցինիան: "Աբխազերենը ահավոր վիճակում է, եւ օրենք է ընդունվել այն պահպանելու համար: Գուցե օրենքի որոշ կետեր չափազանց խիստ են, բայց ուրիշ ելք չկա, մարդիկ դա կհասկանան: Հիմա մեզ ժամանակ է պետք, փող եւ մարդիկ առաջ շարժվելու համար:"
Կվիցինիան ասում է, որ հիմնադրամը 3.5 միլիոն ռոբլու գումար է հատկացրել, ինչը կազմում է մոտավորապես 140,000 ԱՄՆ դոլար, նոր օրենքը կիրարկելու համար, սակայն դա բավարար չէ:
Նինա Ստորոժենկոն, ուսուցչուհի եւ Սուխումի քաղաքային խորհրդի անդամ, շատ ավելի քննադատաբար է վերաբերվում նոր օրենքին: Նա նշում է, որ վերջին 14 տարիներին, աբխազերենի ոչ մի դասագիրք չի գրվել: "Եվ ահա թե ինչից պետք է սկսենք, " ավելացրեց նա:
"Ինձ հանրակրթական դպրոցի մի աշակաերտ ցույց տվեք, որը էթնիկ աբխազ չէ, բայց ով սովորել է աբխազերենը անցած յոթ տարիների ընթացքում եւ կարող է նորմալ խոսակցություն վարել աբխազերենով, եւ ես կհավատամ, որ յոթ տարում ամբողջ բնակչությունը կկարողանա սովորել պետական լեզուն:
"Աբխազիայի բնակչության գերակշիռ մեծամանսությունը դեմ չէ աբխազերեն սովորելուն, խնդիրն այն է, թե ով է սովորեցնելու:"
Խնդիրը նույնիսկ ավելի բարդ է ոչ աբխազների համար:
Դմիտրի Պետրովը, ազգությամբ ռուս, որը աշխատում է կառավարության համար, ասում է, որ նա աբխազերենի դասեր է անցել երկու ամսվա ընթցքում: Նա ասում է, որ արտասանությունը բարդ է, բայց ինքը հույս ունի, որ կկարողանա յոթ տարում սկսել խոսել աբխազերեն: Պետրովն ասում է, ցանկացած մարդ, ով սիրում է իր լեզուն պետք է կարողանա խոսել մայրենի լեզվով, անկախ համապատասխան օրենքի առկայության:
Մարիետա Թոփչյանը, Աբխազիայի հայ համայնքի նախկին համանախագահը, ասում է, որ սկզբունքորեն հավանություն է տալիս ծրագրին, բայց կասկածում է, որ այն իրականալի է: "Ծրագրին անհրաժեշտ է տնտեսական բաղադրիչ, մեթոդաբանական գրականություն, եւ համապատասխան քանակության դասագրքեր, որպեսզի հանրապետությունում միատեսակ պայմաններ ստեղծվեն բոլորի համար," ասում է նա:
Բեսլան Բարատելիան, համալսարանի տնտեսագիտության դասախոս, ասում է, որ նոր օրենքը կարող է ստիպել մարդկանց աշխատանք որոնել Աբխազիայից դուրս, քանի որ նրանք կնախընտրեն հրաժարվել ցածր աշխատավարձով բայց աբխազերենի իմացություն պահանջող աշխատատեղերից:
"Ահռելի մեծ ֆինանսական եւ մարդկային ռեսուրսներ կպահանջվեն թարգմանության համար," ասում է նա, "ամենայն հավանականությամբ Աբխազիայի բյուջեն չի բավարարի լեզվական բարեփոխումն իրականացնելու համար:"
Հատկապես մտահոգության տեղիք է տալիս նոր օրենքի մի դրույթ, որը պահանջում է որպեսզի առաջիկա վեց ամիսների ընթացքում աբխազիայի լրատվական միջոցները սկսեն իրենց եթերաժամերի եւ տպագիր նյութերի կեսը հեռարձակել եւ թողարկել աբխազերենով:
Անկախ թերթերի խմբագիրներն ասում են, որ լրացուցիչ ծախսերը, որոնք կպահանջվեն աբխազերեն էջեր տպագրելու համար, կարող են ստիպել փակել իրենց լրագրերը:
Ալեքսանդր Ադլեյբան, նախագահի ներկայացուցիչը խորհրդարանում, որը օրենքում այս դրույթը մտցնելու նախաձեռնության հեղինակն է, հրաժարվեց պատասխանել IWPR-ի հարցերին: Սակայն Abaza-TV հեռուստակայանին տված հարցազրույցում ասաց, որ օրենքի այդ մասը կարող է փոփոխության ենթարկվել:
"Կարեւոր է, որպեսզի մարդիկ աբխազերեն խոսեն, դա իրոք երազանք է, ես ինքս աբխազերեն չեմ խոսում," ասում է Իզիդա Չանիան, Նուժնայա Գազետա լրագրի խնբագիրը: "Բայց այս օրենքը կոչված է ոչ թե պաշտպանելու աբխազերենը այլ ուղղված է նրա դեմ: Օրենքը ֆինանսական տեսակետից համապատասխանաբար չի պատրաստվել:
"Օրենքը շտապեցին ընդունել եւ օրենքի լոբբին իրականացնում էին մարդիկ, ովքեր իրենք աբխազերեն չգիտեն:"
Անահիտ Գոգորյան, «Չեգեմսկայա Պրավդա» թերթի խմբագիր, Սուխումից Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան Լրատու պարբերականից: