Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՃԱՀՃՈՒՄ ՈՉԻՆՉ ՉԵՍ ԳՏՆԻ

Մշակույթ

«Զբաղվես, չզբաղվես, խելացի մարդիկ ասում են, որ անգամ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն ինքն է զբաղվում քեզանով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց սցենարիստ, դերասան Աշոտ Ադամյանը: Նա մտահոգ է Հայաստանի ապագայով:

«Երբ ինչ -որ մի բան սկսում է ճահճանալ, վերջ, այդտեղ այլեւս որեւէ բան փնտրել հնարավոր չէ: Մենք շատ լավ հիշում ենք սովետական միության ճահճացման շրջանը, եթե չասենք ինչ է, հոտ չի գա: Եթե թողնենք եւ մնանք այդպես, գիտեք ինչ` հանդարտություն, ալիքներ չկան ծովում,ոչ մակընթացություն, ոչ տեղատվություն, այդպես կարող ենք շատ բան կորցնել»,- ասաց նա:

Աշոտ Ադամյանը ուշի ուշով հետեւում է քաղաքական գործընթացներին: Վերջինս ողջունում է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մուտքը քաղաքական ասպարեզ. «Ցանկացած նոր քաղաքական ուղղություն, սթափ միտք է հայտնվում, ես ողջունում եմ: Իսկ թե ինչպես կընթանա, ես ուշի ուշով կհետեւեմ»: Մասնակցո՞ւմ է հանրահավաքներին` հարցին նա պատասխանեց. «Նայում եմ ժողովրդի ցանկացած տեղաշարժին եւ ուզում եմ տեղյակ լինել, այլապես թատրոնով ու կինոյով էլ չէի զբաղվի»:

Անդրադառնալով մշակութային խնդիրներին` դերասանը նկատեց, որ կարեւորն այն է, որ խառնաշփոթ չլինի. «Յուրաքանչյուր ժանր պետք է ունենա իր տեղն ու դերը: Երբեմն ասում են` ինչ ուզում են, այդ էլ տալիս ենք: Ներեցեք, այնպիսի անսպասելի բան կարող են ուզել, պետք է տա՞ք: Հետո ինչ, որ քիչ են դասական ե րաժշտություն լսողները, փակե՞նք: Հետո՞: Յուրաքանչյուր ժանր պետք է գոյություն ունենա իր ձեւի մեջ, ոչ թե ուտի մյուսին»:

Ըստ նրա` այսօր շատ քիրչ գումար է հատկացվում մշակույթին եւ «այդ չնչին գումարներով հավակնել ստանալ բարձր գեղարվեստական արժեք, երբեմն եւ հաճախ լինում է շատ ու շատ դժվար»: