ՔԵԶ ՀԱՄԱՐ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱ՞Ն/video/
Աջակցիր «Ա1+»-ինՀՀԿ-ական երիտասարդ պատգամավոր Արմեն Աշոտյանը վաղը հանրությանը կներկայացնի` իր ռուսերեն անվանումով «Զա...»` /հայերեն` համար-խմբ/ ձայնասկավառակը: Սկավառակում ընդգրկված 8 ռուսերեն երգերի երաժշտության, ինչպես նաեւ մի քանի երգերի խոսքերի հեղինակը պատգամավորն է, իսկ մնացած երգերը Սերգեյ Եսենինի եւ Աննա Ախմատովայի խոսքերով են: Երգերը կատարում են վաղամեռիկ երգչուհի Վարդուհի Վարդանյանը, Անչոկը, Աննա Արմենակյանը, Էրիկ Մակարյանը, Գագիկ Համբարձումյանը, Լուսինե Մկրտումյանը, «Շիկերը», Տիգրան Պետրոսյանը: «Ա1+»-ի լրագրողներն այսօր հարցեր ուղղեցին երգահան պատգամավորին,որը, պարզվում է` ստեղծագործում է դեռ դպրոցական նստարանից: 2004թ լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն:
-Այս սկավառակի իդեան իմ ընկերներինն է : Մի երեկո դաշնամուրով նվագակցում էի եւ իմ երգերն էի կատարում, ընկերներիցս մեկը` «Արդենի» ստուդիայի ղեկավար, այժմ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը ասաց, թե արի փորձենք CD սարքել: Ինքն է աջակցել եւ հովանավորել CD-ի նախապատրաստման աշխատանքները: Ցավոք, չհասցրեցի թողարկել Վարդուհի Վարդանյանի կենդանության օրոք, բայց ինքը կատարել է «Տոլկը տի» / «Միայն դու»/ երգը, որի համերգային կատարման հիման վրա Եղիշե Վերդյանը նկարահանել է տեսահոլովակ, ինչը նույնպես նրա մահից հետո եղավ:
-Ինչո՞վ եք ներշնչվում երգերը գրելիս:
-Թե երգերս, թե բանաստեղծություններս գրվում էին դպրոցական, ուսանողական տարիքում, թեպետ հիմա էլ ավելի հասուն վիճակում ստեղծագործական իմ ցանկությունները պահպանվել եւ շարունակվում են: Հիմնակում դա սեփական հոգին նյութականացնելու, մարմնավորելու հնարավորություն է, այսինքն` վերածելու երաժշտության, տողի այն, ինչ դու զգում ես եւ այն թողնելու ես հիշատակ նախեւառաջ քեզ, ընկերներիդ, ընտանիքիդ: Հիմա դա հնարավորություն է հանգստանալու այլայլված առօրյայից, որը ուղեկցում է ցանկացած քաղաքական գործչի, առավել եւս նախընտրական էտապում: Ընկերական շրջապատում ասում են, որ իմ տղան, որ մի քիչ մեծանա, իմ ԱԺ ելույթների CD-ն չի ցույց տալու իր ընկերներին, այլ իմ հեղինակած երգերն ու բանաստեղծությունները:
-Օրենսդիր գործունեությունը չի՞ խանգարում ստեղծագործելուն: Շատ մարդիկ, ովքեր նախկինում ստեղծագործում էին, ԱԺ գնալուց հետո դադարել են:
-Չգիտեմ նման օրինակներ, բայց իմ օրինակով կարող եմ ասել, որ ԱԺ-ը աշխատանք է, աշխատատեղը հոբբիի հետ չի կարելի երբեւէ շփոթել: Այն, ինչ որ դու անում ես օրենսդիր մարմնում` մի բան է, այն ինչ- որ դու անում ես քո հոգու համար` այլ բան: Սրանք երկու տարբեր ոլորտներ են, որ երբեք իրար հետ չեն խառնվում: Իհարկե ժամանակային առումով նախընտրական էտապներում ավելի շատ աշխատում ես, քան թե հանգստանում, իսկ ես ստեղծագործելուց հանգստանում եմ:
-ՀՀԿ-ն դրանից չի՞ տուժում:
-Եթե հետեւում եք հրապարակային քաղաքականությանը, ապա տեսնում եք, որ ես հասցնում եմ:Դեռ տարիքս եւ առողջությունս ներում են զուգահեռ այդ ամենը անել: Անում եմ ի հաշիվ իմ անձնական ժամանակի: Ի դեպ, առաջինը ձեզ եմ ասում` երկու նոր հայերեն երգ եմ գրել, որոնցից մեկը նվիրել եմ կատարելու երիտասարդ երգիչ Նարեկ Բալոյանին, երկրորդի համար` դեռ երգչուհիների հետ բանակցում եմ:
-Քանի որ Ձեր սկավառակը անվանել եք « Զա... », իսկ ՀՀԿ-ն իր քարոզարշավը անցկացնում էր «Քեզ համար, Հայաստան» կարգախոսով, կարո՞ղ է նույն անվանումով երգը օգտագործվել Նախագահի Ձեր թեկնածուի ընտրարշավում:
-Հասկացա հարցի քաղաքական ենթատեքստը: Ասեմ ավելին, իմ առաջին սկավառակը, որ լույս է տեսնելու վաղը, կոչվում է «ԶԱ», եւ հասկանալի է` զա կավո, Սերժ Սարգսյանի համար:
-Ո՞վ եք դուք` բժիշկ, քաղաքական գործիչ, բանաստեղծ, երաժիշտ, ո՞նց կներկայացնեք ձեզ:
-Մարդ: Ես սովորական մարդ եմ ինձ համարում, մարդ, որ ունի թուլություններ, ունի հոգի, մտածելակերպ, խիղճ, աշխատանքի հնարավորություններ, ունի որոշակի կարողություններ այդ ամենը մեկտեղելու համար: Բոլոր թերություններով եւ առավելություններով հանդերձ մարդ արարած եմ` աստվածասեր եւ աստվածավախ միաժամանակ: