Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԿԵՔ ԶՐՈՒՑԵՆՔ

Մշակույթ

«Հյուրասիրվեք, կերեք ինձ», «Եկեք ուտենք» երկխոսությամբ իրենց խոսքը փոխանցեցին «Ափ չի երեւում» նոր ներկայացման բեմադրող ռեժիսոր Սամո Սպիունին եւ սցենարիստ, դերասան Աշոտ Ադամյանը: Նոյեմբերի 20-ին, 21-ին, ժամը 19:00-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կներկայացվի Սլավոմիր Մրոժեկի «Բաց ծովում» պիեսի հիման վրա ստեղծված «Ափ չի երեւում» ներկայացումը: Գլխավոր դերում Աշոտ Ադամյանն է, որը նաեւ սցենարի հայկական տարբերակի հեղինակն է: Բովանդակությունը հետեւյալն է` լաստի վրա երեք մարդ հայտնվում են բաց ծովում եւ հիմնական խնդիրը ուտելիքի հայթայթումն է:

«Ինչպես պետք է գոյատեւեն, շարունակեն իրենց կյանքը, եւ յուրաքանչյուրը ջանում է հօգուտ իրեն անել: Եւ սկսվում են ընտրություններ, որտեղ յուրաքանչյուրը սկսում է համոզել մյուսին, թե ինչու իրեն չի կարելի ուտել, ինչու պետք է մյուսին ուտի»,- ասաց Աշոտ Ադամյանը` ավելացնելով. «Եթե առաջ աշխարհը երկբեւեռ էր, այսօր բազմաբեւեռ է: Յուրաքանչյուրը փոքր պետություն է եւ պարտավոր է այդ հորձանուտում, համաշխարհային փոխհարաբերությունների մեջ գտնել իր տեղը, եւ, այնուամենայնիվ, բաց ծովում հասնել ինչ որ մի ափի: Աշխարհի փոփոխության խնդիրը բերեց մեզ նրան, որ մենք չենք փոփոխել պիեսը , այլ որոշեցինք տալ նրան այլ ուղղություն»:

«Այո, ես կարծիք ունեմ, չնայած շատ դժվար է այս պայմաններում կարծիք ունենալ, սակայն կասեմ իմ կարծիքը»,-ասում է ռեժիոր Սամվել Սպիունին,որը 10 տարի է փորձում էր բերմադրել այս պիեսը: Նա պետական բոլոր դռներն է թակել այն իրականություն դարձնելու համար, սակայն արձագանք չի եղել: Վերջապես նրան որոշել է հովանավորել Լեհաստանի դեսպանատունը: Ի դեպ, Հայաստանում լեհաստանի դեսպանը ներկայացման կազմակերպիչներին ասել է, թե 83-ամյա հեղինակը` Սլավոմիր Մրոժեկին, հաճելիորեն զարմացած է, որ այն բեմադրվում է Հայաստանում: Կազմակերպիչներն էլ փաստեցին, որ իրենք կգնան Վարշավա եւ այնտեղ հեղինակի համար էլ կխաղան:

Իսկ երեւանյան ներկայացման տոմսի արժեքը սկսվում է 1000-ից, ամենաթանկը 4000 դրամ է: «Ներկայացումը, երբ առաջին անգամ է բեմ բարձրանում, սկսում է ստուգել հանդիսատեսի հետ կապը: Կարծում եմ, որ դեռ ժամանակ ունենք եւ այդ ժամանակ կփորձենք ճշտել, թե ինչպես են մեզ ընդունում: Մենք դեղատոմս չենք տալիս, մենք ընդամենը գալիս ենք զրույցի, մեզ համար բաց ծովն այն հանդիսատեսն է, որը այսօր եւ վաղը կլինի թատրոնում»,- ասաց Աշոտ Ադամյանը: