Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականում ընդգրկել ենք մեր չեմպիոններին. Հաբեթնակ Կուրղինյան

Սպորտ
sport-borba-1

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը այսօր լրագրողների համար կազմակերպված բաց մարզումից հետո հրապարակեց թիմի կազմը, որը կմասնակցի Բուխարեստում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Այս տարվա առաջին խոշոր մրցաշարում հանդես կգան Վաղինակ Մաթեւոսյանը (57 կգ քաշային կարգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (125 կգ): «Կազմն ընտրվել է ըստ Հայաստանի առաջնության արդյունքների, ընդգրկել ենք չեմպիոններին: Ինչպես արդեն հայտարարել էի, մեր հավաքականում սերնդափոխություն է սկսվել: Կազմը երիտասարդացած է, մեծ մասի համար Եվրոպայի առաջնությունը կլինի առաջին փորձը մեծահասակների մրցագորգում: Ինչ վերաբերում է մեր հիմնական կազմին՝ Լեւան Բերիանիձեին, Գեւորգի Կետոեւին, Վոլոդյա Ֆրանգուլյանին, Գարիկ Բարսեղյանին, ապա նրանք այժմ անհատական մարզումներ են անցկացնում եւ նախապատրատվում են Աստանայում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը նաեւ օլիմպիական վարկանիշային է», - մարզումից հետո ասաց Հաբեթնակ Կուրղինյանը: «Ա1+»-ի այն հարցին, թե ինչ խնդիր է դրվելու թիմի առջեւ Եվրոպայի առաջնությունում, գլխավոր մարզիչն ասաց. «Մեր գլխավոր նպատակն այն է, որ ըմբիշները ելնեն մրցագորգ եւ մինչեւ վերջ պայքարեն հաղթանակի համար: Հույս ունենք, որ այս թիմով հաջող մրցելույթներ կունենանք Բուխարեստում», - եզրափակեց Հաբեթնակ Կուրղինյանը: Հավելենք, որ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա ապրիլի 8-14-ը: