Փաշինյանը Ալիևի հետ հանդիպման մասին հայտարարություն դեռ չի անի. տեղն ու ժամը հայտնի չէ (տեսանյութ)
Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցից հետո, վարչապետին հարցեր ուղղելու համար հերթագրվեց 45 պատգամավոր: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին հետաքրքրեց. առաջիկայում Իլհամ Ալիևի հետ հանդիպումը օրակարգ ունի՞: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ քննարկումները լինելու են նախկինում հնչած հայտարարությունների շրջանակում: «Քանի դեռ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պաշտոնապես չեն հայտարարել հանդիպման տեղի և ժամի մասին, ես հայտարարություն չեմ անի, որովհետև նրանք պետք է բոլոր կողմերից հաստատումը ստանան, որ վերջնական հաստատեն: Մենք մեր համաձայնությունը տվել ենք: Նախկինում Ադրբեջանի նախագահի հետ մեր քննարկումներում ասել եմ, որ սկզբնական փուլում այդ հանդիպումները կոնկրետ օրակարգ չպիտի ունենան, պիտի լինի հարցերի լայն շրջանակ: Մենք ուղղակի պիտի մտքեր փոխանակենք տարբեր հարցերի վերաբերյալ: Կարող եմ կանխատեսել, որ քննարկումները կլինեն նախկինում հնչած հայտարարությունների շրջանակում և այն ինչ որ հայտարարել եմ Արցախում տեղի ունեցած Անվտանգության խորհրդի համատեղ նիստում, դա այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների, և, ըստ էության, այն պլատֆորմն է, որի վրա հիմնելու ենք հետագա բանակցային ողջ գործընթացը»: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-29-ին աշխատանքային այցով մեկնելու է Ավստրիայի Հանրապետություն: Մարտի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիենայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: