Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանապետը զանգում է լրագրողներին (տեսանյութ)

Քաղաքականություն
vostikanapet

«Լրագրող Բորիս Մուրազին ոստիկանապետից սպառնալիք չի ստացել, ես հրավիրել եմ իրեն,  զրուցել եմ  հետը, կարծեմ ֆեյսբուքում էլ տարածել էր, որ ոչ մի սպառնալիք չի ստացել»,-կառավարության արտահերթ նիստից հետո հայտարարեց Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝։ Նա  անդրադարձավ politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիի այն հայտարարությանը, թե ոստիկանապետը սպառնացել է իրեն այն հոդվածից հետո, որում ասել էր, թե Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը, զանգահարել է ոստիկանապետին: «Խնդիրն այն էր, որ կային ֆեյսբուքյան օգտատերեր, որոնք Բորիս Մուրազիի հոդվածների տակ մեկնաբանություններ էին գրում, բայց, անկեղծ ասած, այդ օգտատերերի գրածների մեջ էլ չկային սպառնալիքներ»,- ասաց ոստիկանապետը: Լրագրողի այն հարցին՝ ինչո՞ւ է  ոստիկանապետն անձամբ զանգահարել նրան, եթե դրա համար կա մամուլի ծառայություն, Օսիպյանը նշեց, որ ինքը շատ լրագրողների է զանգում, լրագրողներն էլ իրեն են զանգում: «Միգուցե դուք էլ ինչ-որ հոդված տեղադրեք, ես ձեզ զանգահարեմ, ասեմ, որ իրականությանը չի համապատասխանում, ինչո՞ւ եք հրապարակել: Ես ընդամենը հարցրել եմ՝՝ որևէ սպառնալիք չի՞ եղել»,- ասաց Օսիպյանը: Ոստիկանապետը հավաստիացրեց, որ  Նարեկ Սարգսյանն իրեն երբևէ չի զանգահարել: «Ես պաշտոնապես հայտարարում եմ` Նարեկ Սարգսյանը, կամ որևէ մեկն ինձ չի զանգել, եթե դա ապացուցվի, ես պատրաստ եմ հրաժարվել իմ այսօրվա պաշտոնից»,-ասաց նա։