Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրմերը Գառնիում

Մշակույթ

 Գառնիի  տաճարում  քուրմ Վարուժը դաշույնը վեր է բարձրացնում՝  փառք տալով Վահագնին։ Հեթանոս  հայերը նշում են հաղթանակի աստված Վահագնի ծնունդը՝ առաջնորդվելով արևային օրացույցով։ Հեթանոսները տոնական գինեձոնով եւ կրակի վառման ծիսակարգով  փառաբանում են  Վահագն աստծուն, այնուհետեւ շնորհավորում միմյանց՝ Երկրային ու Երկնային գարունների եւ Հայոց Ամանորի առիթով:  «Արորդիների Ուխտ»-ի ներկայացուցիչները եկել են այստեղ մինչեւ արարողությունը. նրանք  արևածագը դիմավորել են արգելոց-թանգարանի տարածքում: «Արևածագն արդեն նոր օրվա սկիզբն է, իսկ էներգետիկ օրվա արևածագը նաև ավելի հզոր էներգիա ստանալու օր է»,- ընգծում է  քուրմ Գագիկը։ Այստեղ գտնվողները համտեսում են  արևախաչերով տարեհաց, մեկական ումպ գինի, ինչպես նաև  ստանում արևախաչի խորհրդանիշներով վզնոցներ։ «Գաթան խորհրդանշում է տարեհաց, լիություն, արևխաչը՝ հավերժություն»,- ասում է քուրմ Վարուժը։ Ի դեպ,  տաճարում  ծիսակարգի ընթացքում  հիշատակեցին   կյանքից վաղաժամ հեռացած՝  «Դրոյի» գործով ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանին, «Սասնա  ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին, «Հաց բերող» Արթուր Սարգսյանին ։ Արարողությունից հետո նրանց  հարազատները ծիրանենիներ տնկեցին արգելոց-թանգարանի ծառերի պուրակում։   Տոնական արարողության մաս է կազմում «Արորդյաց ուխտ»-ի հինադիր, քրմապետ, 2005 թվականին մահացած Սլակ Կակոսյանի կողմից տնկված ծիրանենու զարդարումը: Ծիրանենին Հին Հայաստանում Կենաց ծառի խորհրդանիշ է եղել: Ներկաները  երազանք պահեցին  ու եռագույն ժապավեններով զարդարեցին արգելոց-թանգարանի տարածքում շուրջ 20 տարի առաջ տնկված ծիրանենին: Միջոցառումը  կազմակերպել էին «Արորդյաց Ուխտ»-ի և «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։