Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ պառլամենտական հանրապետություն, երբ կենտրոնացած գերվարչապետական համակարգ է. ԼՀԿ պատգամավոր

Քաղաքականություն

Անցումային արդարադատության գաղափարն ի սկզբանե առաջացել է այն պետությունների, այն հասարակությունների համար, որտեղ առկա է եղել կոնֆլիկտ հասարակության տարբեր խմբերի միջև,- հիշեցնում է  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավագետ Տարոն Սիմոնյանը։ «Եվ այդ կոնֆլիկտը հարթելու համար հետագայում նոր ձևավորված իշխանությունը ներդնում էր անցումային արդարադատության համակարգ, որպեսզի հասարակությանը բերի, այսպես ասած, համերաշխության», - մանրամասնեց իրավագետը։  Արդյո՞ք այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը,  18,5 միլիոն դոլար է փոխանցել պետությանը, կարելի է համարել անցումային արդարադատության սկիզբ, Տարոն Սիմոնյանը պատասխանեց, որ ոչինչ դեռ չի սկսվել, քանի դեռ չի հայտարարվել, որ սկսվել է։ Իսկ շրջանառության մեջ դրված առանց դատավճռի գույքի բռնագանձման հայեցակարգի վերաբերյալ պատգամավորը մեծ վերապահումներ ունի, որովհետև գոյություն ունեցող իրավակարգավորումների շրջանակներում սա կարող է հակասել ՀՀ Սահմանադրությանը։ Գույքի բռնագանձման հետ կապված, որպես օրինակ, նա նշեց, որ հեղափոխություն ապրած պետություններում սովորաբար մի խնդիր է  առաջ գալիս՝ թե ինչպես ետ բերել գումարներ, որոնք առերևույթ հանցագործության արդյունքում են երկրից դուրս եկել, կամ յուրացվել են առանձին անձանց կողմից, որոնք հանրային պաշտոնյա են եղել։ «Ինչպե՞ս անել, որ առկա օրենսդրությունը չխախտվի»,- հարցադրում արեց նա՝ նշելով, որ տարբերակներից մեկը՝ քրեական գործ հարուցելն է և անձին քրեական պատասխանատվության ենթարկելը, որով անձի մեղքն ապացուցելու բեռ է դրվում պետության վրա, ինչն էլ կարող է տևել տարիներ, և որից հետո միայն հնարավոր է դառնում բռնագանձումը։ Մեկ այլ տարբերակով՝ ոչ քրեա-իրավական շրջանակներում. գույքի նկատմամբ բնագանձում իրականացնել, եթե դրա համար իրավական հիմքեր կան. «Օրինակ՝ փողերի լվացման հետ կապված իրավահարաբերությունները։ Եթե անձը չի կարողանում հիմնավորել, որ իր գույքը կամ բավականին խոշոր ծավալի գումարները, որոնք կան իր հաշվեհամարին, օրինական ճանապարհով է ձեռք բերել, այստեղ կասկած է առաջանում, որ փողերի լվացման վտանգ կա կամ ահաբեկչության ֆինանսավորման վտանգ, որը որ միջազգային իրավունքով է կարգավորվում»։ Պատգամավորը կարծում է, որ անկախ նրանից, թե պետության սահմանադրությամբ ինչ կառավարման ձև է հաստատված, կարևորը գործիքակազմի արդյունավետ օգտագործումն է։ Խորհրդարանական պետության պարագայում, ԼՀԿ պատգամավորի խոսքով,  վարչապետն իր գործիքակազմով, կառավարության անդամներով և գործադիր իշխանության այլ մարմիններով պետք է ամբողջությամբ հաշվետվողական լինի խորհրդարանի առջև, ինչը սուպերվարչապետական համակարգի դեպքում հնարավոր չի դառնում։ «Չենք կարող պառլամենտական հանրապետություն կառուցել, երբ որ խիստ կենտրոնացած գերվարչապետական համակարգ ունենք և հեռու ենք պահում առանձին գերատեսչություններին պառլամենտի առջև հաշվետու լինելու պարտավորությունից»,- նշեց նա։   Մանրամասները տեսանյութում.