Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոռու մարզում տարեց կնոջն առերևույթ կողոպտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Պաշտոնական

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Մեծավան համայնքի տարեց բնակչուհուն առերևույթ կողոպտելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի մարտի 16-ի ժամը 22:00-ից մինչև մարտի 17-ի ժամը 02:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք, ուրիշի գույքի բացահայտ հափշտակության շուրջ նախնական համաձայնությամբ, մուտքի դռան ապակին հանելու և դուռը բացելու եղանակով, ապօրինի մուտք են գործել Լոռու մարզի Մեծավան գյուղի` 1937 թվականին ծնված  բնակչուհու բնակարան և օգտվելով նրա՝ քնած լինելու հանգամանքից՝ ձեռքով փակել են նրա բերանը, կապել աչքերը ու հափշտակելով կանխիկ գումար, դրամապանակներ և ոսկյա մատանի՝ դիմել փախուստի: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: 1937թ. ծնված կինը ճանաչվել է տուժող: Կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննվել են վկաներ, կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավումներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժին