Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի վրա կախված է աբխազացման վտանգը. Ժիրայր Սեֆիլյան

Քաղաքականություն

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը հայտարարեց «Սասնա ծռեր» համահայկական շարժումը սկսում է Արցախը Հայաստանի Հանրապետության կազմում մարզի կարգավիճակով ներառելու գործընթացի սկսման մասին։ «Որևէ տարբերակի առաջին ընտրության մասին առաջին խոսքը պետք է պատկանի Արցախում նոր ձևավորվելիք քաղաքական ղեկավարությանը, որ օրակարգի առանցքը կլինի Արցախը դե յուրե Հայաստանի կազմում ներառելու հարցը»,- ընդգծեց Ավետիսյանը։ Անկախ ամենից, ըստ Ավետիսյանի, գործընթացի սկիզբը պետք է դրվի Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների Հանրապետությունում տեղի ունեցող ընտրություններին, հանրաքվեներին մասնակցելու հարցով, վերջինն էլ պետք է հաստատվի ստորագրահավաքի միջոցով։ «Սասնա ծռեր» արցախյան կուսակցության քարտուղարության համակարգող Գեղամ Գրիգորյանն ընթերցեց համապատասխան հայտարարությունը։  Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ սկսվում է ստորագրահավաք Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը ապահովելու նպատակով։ Նախաձեռնված ստորագրահավաք-դիմումն ուղղված է ՀՀ ոստիկանությանը և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ «ՀՀ ոստիկանությունից և ԿԸՀ-ից պահանջում ենք համապատասխան միջոցներ ձեռնարկել ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով և հանրաքվեի մասին ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով  ՀՀ ԱԺ ընտրություններին և հանրաքվեներին քաղաքացիների մասնակցությունն ապահովելու համար»,- ընդգծեց Գրիգորյանն ու ստորագրեց հայտարարության տակ։ «Սասնա ծռեր»-ի անդամ Ժիրայր Սեֆիլյանը վստահ է, որ արցախահայության մեծամասնությունը կիսում է կուսակցության կողմից բարձրացրած գաղափարը և վերահաստատեց Վարուժան Ավետիսյանի միտքը կապված Արցախում ձևավորվելիք իշխանության հետ։  «Ըստ աշխարհաքաղաքական իրավիճակի համապատասխան որոշում պետք է առնվի, թե իրավական, որ գործիքակազմից պետք է օգտվենք»,- շեշտում է Սեֆիլյանը։ Նա նաև նշում է, որ Արցախը կանգնած է աբխազացման վտանգի առջև, և հույս հայտնեց, որ ներկայիս իշխանությունները կաջակցեն սկսված նախաձեռնությանը։ Արցախը, ըստ նրա, Ռուսաստանի ազդեցության տակ ընկնելու վտանգի առջև է կանգնած, և որպես օրինակ նշում է Հարավային Օսեթիան և Աբխազիան։   «Առաջիկա օրերին մենք փակագծերը կբացենք։ Բայց նորից եմ ասում՝ հետևելով այս օրերի աշխարհաքաղաքական զարգացումներին մենք ունենք այդ եզրակացությունը, ուստի մենք պետք է արագացնենք այդ քայլերը»,- նշեց Սեֆիլյանը։ Անդրադառնալով Արցախում իշխող վարչակարգին՝ Սեֆիլյանը վերահաստատեց իրենց նախկին հայտարարությունը առ այն, որ ՀՀ-ում Սերժ Սարգսյանի օրոք հնարավոր չէր ընտրությունների միջոցով հասնել փոփոխությունների, և այն զուգահեռվեց Արցախում ստեղծված իրավիճակի հետ։ «Մենք փորձելու ենք այդ փոփոխությունները իրականացնել մինչև ընտրությունները՝ ոչ  իշխանական ուժերի համախմբմամբ։ Առաջնահերթորեն համախմբումը պետք է լինի միացման գաղափարի շուրջ և դրանից հետո համախմբման միջից ծնի առաջնափոխում, ինչու չէ նաև համակարգող, որը կարող է լինել նախագահի թեկնածու»,- մանրամասնում է Սեֆիլյանը և տեղեկացնում հանրային ճնշման միջոցով Արցախում հնարավոր իշխանափոխության իրականացման մասին՝ մինչև Արցախում կայանալիք 2020 թվականի խորհրդարանական և նախագահական ընտրությունները։ Իսկ չհասցնելու դեպքում, «Սասնա ծռեր»-ի անդամի փոխանցմամբ, 2020 թվականի ընտրությունների ժամանակահատվածում կազմակերպելու են արցախահայության մոբիլիզացիան՝ իշխանափոխական նպատակին հասնելու համար։ Նախագահի հնարավոր թեկնածուի սատարմանն մասին իր խոսքում նշեց, որ «երևացողներից» ոչ ոքի չեն սատարելու և հին կլանի հետ կապ ունեցող թեկնածուի չեն օժանդակելու։ «Սամվել Բաբայանի ակտիվացումն Արցախում մենք ողջունել ենք։ Եվ  ասել ենք, որ ոչ մի շրջանակ իրավունք չունի խոչընդոտելու Սամվել Բաբայանի քաղաքական գործունեությանը։ Միաժամանակ հորդորել ենք Սամվել Բաբայանին, որ ճիշտ պետք է լիներ, որ նա աջակցողի դերում լիներ մեր պատկերացրած նոր որակյալ անձնավորությանը իշխանության հասցնելու համար»,- եզրափակեց նա։