Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իմ հանդեպ որևէ բռնություն չի գործադրվել. թեթեւ վնասվածք է». Նաիրա Զոհրաբյան

Քաղաքականություն

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան  գրառումը «Օպերայի տարածքում լարվածությունը չի թուլանում: Բռնությունը հարց չի լուծելու: Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ, Երևանի ԲՀԿ ավագանու իմ գործընկերների հետ փորձեցինք կանխել բախումները: Հարցը ունի միայն մեկ լուծում` երկխոսություն և բանակցություն, ինչը դեռ չի ստացվում: Որևէ մեկը դեմ չէ Օպերայի տարածքը կանաչապատելուն, սակայն ինչպե՞ս պետք է լուծվի մի քանի հարյուր աշխատակիցների խնդիրը, ովքեր տեղյակ էլ չեն նշյալ սրճարանների իրավական կարգավիճակից: Այդ մարդկանց քաղաքապետարանը առաջարկելու ոչինչ չունի, բացի տրակտորից, որը սառը անտարբերությամբ ջնջխում էր նրանց աշխատանքի վայրը: Առանց երկխոսության` ոչինչ չի ստացվելու և բռնությունը բերելու է պատասխան բռնության: Կոչս նույնն է` կողմերը պետք է երկխոսեն և սրճարանների շարքային աշխատակիցներին պիտի առաջարկվեն ալտերնատիվ լուծումներ: Ինչ վերաբերվում է ինձ: Իմ հանդեպ որևէ բռնություն չի գործադրվել: Պարզապես, ես փորձեցի կանգնել ցուցարարների և ոստիկանների միջև` բախումը կանխելու համար և մի քիչ գերագնահատեցի իմ ֆիզիկական դիմացկունությունը: Թեթև վնասվածք է` կանցնի: Կարևորը` մեզ հաջողվեց այսօր կանխել իրավիճակի էլ ավելի սրումը: Ամեն օր լինելու ենք Օպերայի տարածքում` շարունակելով կողմերին կոչ անել երկխոսության և թույլ չտալու բախումներ»: