ՊՈԱԿ-ների օպտիմալացման մասին տեղեկությունն արտահոսք է. Ն.Ղարիբյան (տեսանյութ)
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը ՊՈԱԿ-ների օպտիմալացման մասին տեղեկությունը արտահոսք է համարում եւ հավելում, որ այդ զուտ աշխատանքային պրոցես է, որեւէ որոշման մասին խոսք գնալ չի կարող: «Երկուշաբթի ես եւ իմ տեղակալները հանդիպել ենք 70 ՊՈԱԿ-ների տնօրենների հետ, նաեւ մարզերից: Լսել ենք իրենց, առաջարկությունների փաթեթ ենք նաեւ ներկայացրել: Որեւէ որոշման մասին խոսք չի կարող լինել, սա Կառավարության հանձնարարական է եւ աշխատանքային պրոցեսը: ՊՈԱԿ-ներ կան, որոնց աշխատակիցները դեմ չեն այս փոփոխություններին, դեմ են միայն տնօրենները»,-ասաց Ղարիբյանը: «Ա1+»-ի հարցին պատասխանելով Նազենի Ղարիբյանը նշեց, որ Կոմիտասի քառյակը կողմ է միավորվել Կոմիտասի տուն-թանգարանին: Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք այս քննարկումներից հետո հրաժարվել փոփոխություններից եւ 70 ՊՈԱԿ-ներն էլ շարունակեն իրենց աշխատանքը. «Հնարավոր չէ, կլինեն փոփոխություններ, ե՞րբ կլինեն, վերջնաժամկետ չկա»: Մշակույթի նախարարի պաշտոնակատարը նաեւ նշեց, որ մշակույթի մասին օրենքի կարիք կա, որը կլինի ընդհանրական: