Համլետ Ղուշչյանի առևանգման մասին ԶԼՄ հրապարակումները ոստիկանությունում են (տեսանյութ)
Հաղորդավար Համլետ Ղուշչյանի կողմից իրեն առևանգելու և իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` դրանցում ներկայացված հանգամանքներն ստուգելու հանձնարարությամբ:
Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Տեղեկացնենք, որ Hraparak.am-ի հետ զրույցում Համլետ Ղուշչյանը հայտնել էր, որ իրեն առևանգել են՝ հավելելով, որ ճակատին ատրճանակ է պահվել ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից։
Հ3-ի նախկին հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը Hraparak.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ երբ եթերում տվել է «Լուսաստղ» օղու անունը, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մարդիկ իրեն ծեծի են ենթարկել, ասել է. «Ինչ ծեծի․․․ էդ տականքն ով է, որ ծեծի, ուղղակի ինձ գողացել, առևանգել, տարել են գիշերով և ատրճանակը գլխիս դրել են ու ասել են՝ կասես էն, ինչ քեզ կասենք»։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2002 թ.-ին: «Օրը» հեղինակային ծրագրի եթերի ընթացքում ստուդիա զանգահարած մի կին ծրագրի հեղինակ Համլետ Ղուշչյանին հայտնել է, որ իր հյուրերից մեկը օղուց թունավորվել է: «Ի՞նչ պիտակով օղի է եղել»,- հարցրել է պրն Ղուշչյանը: «Լուսաստղ»,- պատասխանել է տիկինը: Այնուհետեւ հետեւել է Համլետ Ղուշչյանի մեկնաբանությունը. «Զգո՛ւյշ եղեք, տիկի՛ն, հիմա շատ օղիներ կեղծվում են»:
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2002 թվականի հունվարի 29-ի համարում