ԵՊՀ-ն հաղթել է, ԵՊՀ-ն Արամ Սիմոնյանը չի. Արմեն Աշոտյան (տեսանյութ)
Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի համոզմամբ՝ կառավարության խոստումը՝ Արցախը դարձնել բանակցային կողմ, անկատար է մնացել: Դեռ 2018 թ. հունիսին ընդունված կառավարության ծրագրում ներառված այս կետը, ըստ Արմեն Աշոտյանի, մի թիզ անգամ առաջ չի գնացել: «Այս ընթացքում նոր իշխանությունը չգիտես ինչո՞ւ և ինչպես միջազգային հանրության մոտ ստեղծել են չհիմնավորած դրական ակնկալիքներ բանակցային գործընթացի հետ կապված: Այս չհիմնավորված լավատեսության հիմքում հայ հասարակությունը չգիտի, թե ի՞նչն է ընկած: Ակնհայտ է, որ այդ լավատեսությունը որևէ իրական քաղաքական հիմք չունի և ունենալ չի կարող, որովհետև Նիկոլ Փաշինյանը անձամբ ժխտում է այն լուրերը, որ իր հանդիպումները Ալիևի հետ ունեն որևէ քաղաքական օրակարգ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված»,-ասաց նա։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա ըստ Աշոտյանի՝ ապիկար արտաքին քաղաքական կուրս որդեգրելու հետևանքով Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնից: ՀՀԿ փոխնախագահի կարծիքով, հայ-ռուսական հարաբերությունները փայլուն չեն, ինչպես որ նկարագրում էր վարչապետը: «Անկախ այն հանգամանքից, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե հայ-ռուսական հարաբերությունները աննախադեպ, փայլուն են, այնուհանդերձ ստանձնելով ԵԱՏՄ նախագահությունը, Նիկոլ Փաշինյանը չստացավ հանդիպում ՌԴ նախագահի հետ»,- հայտնեց նա։ Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված համաձայնագրին՝ ապա ըստ Աշոտյանի՝ Հայաստանը սկսած 2018 թ. հունիսի 1-ից ոչ մի բարեփոխում չի իրականացրել. «Ամենավառ ապացույցը այն է, որ անգամ կառավարության հաշվետվության մեջ չկա որևէ հիշատակում որևէ իրականացրած բարեփոխման մասին»: Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված համաձայնագրի վավերացման գործընթացը դանդաղել է: Արմեն Աշոտյանը նշեց, որ իր այս տեսակետի հետ համամիտ է նաև Ազգային ժողովի նախագահը: «Վավերացման գործընթացը դանդաղել է այն աստիճանի, որ անգամ գործող իշխանությունը՝ ի դեմս ԱԺ նախագահի՝ ընդունում են իմ մեղադրանքներն ու քննադատությունը և ասում են, որ այո, 2019 թ. ընթացքում այդ համաձայնագիրը չի վավերացվելու»,- հայտնեց նա: Արմեն Աշոտյանը անդրադարձավ նաև Երևանի պետական համալսարանի շուրջ ստեղծվածին: Ըստ նրա՝ քաղաքական ենթատեկստ կա այս գործողություններում. «Անկախ հետագա զարգացումներից, ԵՊՀ-ն հաղթել է, ԵՊՀ-ն Արամ Սիմոնյանը չի: Այն իշխանությունը, որը խոստանում է ապաքաղաքական կրթական համակարգ, հետո ուզում է ռեկտոր փոխել, ռեկտորը չի համաձայնվում ու հանկարծ Ալադինի լամպից դուրս են գալիս իրավապահները՝ ՊՎԾ, Ոստիկանությունը, Սիմոնյանի Արամի վրա սկսում է պրոցես գնալ, ու հանկարծ նոր հաստատված, ինքնուրույն կառավարման համակարգը այդ հարցով նիստ է հրավիրում, պարզվում է ինքնուրույն կառավարման համակարգը պարզվում է նախարարի տակ չէ, պարզապես համընկել է»: Իսկ թե ինչո՞ւ ՀՀԿ-ն Մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք չմատուցեց, Արմեն Աշոտյանը նշեց. «Մարտի 1-ի միջոցառումներին անձամբ երբեք չեմ մասնակցել, մի զարմացեք, որ այս տարի էլ չեմ մասնակցել»: