Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Ավինյանն ընդունել է Ավստրիական զարգացման համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին

Պաշտոնական

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ավստրիական զարգացման համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին   Փետրվարի 21-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերին (Gerhard Schaumberger): Հանդիպմանը ներկա էր նաև Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը: Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Ավստրիական զարգացման համագործակցությանը կողմից իրականացվող ծրագրերի դերը` ի նպաստ Հայաստանում ժամանակակից գյուղատնտեսության զարգացման և հանդիպումը պատեհ առիթ համարել՝ համագործակցության նպատակները քննարկելու համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գերհարդ Շաումբերգեր նշել է, որ ԱԶՀ-ի ծրագրերի մեծ մասը գյուղատնտեսական բնույթի են և իրենք պատրաստ են աջակցել  կառավարությանը՝ այս ոլորտում իրականացվող բարեփոխումների գործում, և ամրապնդել առկա համագործակցությունը: Նա նաև տեղեկացրել է, որ այս տարվա աշնանը սպասվում է ավստրիական առևտրական պատվիրակության այցելություն Հայաստան, որը նոր ազդակ կհաղորդի երկրների առևտրատնտեսական հարաբերություններին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ինտենսիվ գյուղատնտեսության, կաթիլային ոռոգման, գյուղատնտեսական նշանակության հողերի խոշորացման և կոոպերատիվների ստեղծման հարցերը: Անդրադարձ է կատարվել 11,7 մլն եվրո բյուջե ունեցող «Կանաչ գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում» ծրագրին, որ համաֆինանսավորվում է ԵՄ և ԱԶՀ կողմից (9,7 մլն և 2 մլն համապատասխանաբար) և իրականացվելու է ԱԶՀ կողմից:   Տեղեկանք 2011 թ-ից ի վեր՝ ԱԶՀ-ը ֆինանսավորել  է մոտ 30 մլն եվրո արժողությամբ մի շարք ծրագրեր Հայաստանում, որոնց մեծ մասը գյուղատնտեսական բնույթի են՝ վերջնական նպատակ ունենալով կրճատել աղքատությունը և նպաստել եկամուտների աճին: Ընթացիկ ծրագրերի թվում են անասնապահության  և օրգանական գյուղատնտեսության զարգացումը: