Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Քոչարյանի գերին եմ եղել. Արմեն Տեր-Սահակյան (տեսանյութ)

Հասարակություն
K3a3bG2M3DI

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի անձնական գործը պահանջելու պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը։ Դատական նիստերի դահլիճում  էին Տեր-Սահակյանի կինը, որդին, բարեկամները, ընկերները։ Դահլիճում էր նաև Արմեն Տեր-Սահակյանը։ Արմեն Տեր-Սահակյանը նիստից առաջ ասաց. «Օրենքն ա պետության սիրտը։ Իսկ, եթե արդարադատության նախարարը ինչ-որ անկապ որոշումներ ա կայացնում ու ես ինն օր ա հացադուլի մեջ եմ, չի գալիս նա. ի՞նչ, պտի մեռնենք նո՞ր գա», - ասաց Տեր-Սահակյանը՝ դժգոհելով արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից։ Արդարադատության աշխատակիցներն ըստ Տեր-Սահակյանի, առաջինը պետք է լինեն հոգեբան, հետո՝ գնդապետ կամ գեներալ։ Տեր-Սահակյանն իրեն քաղբանտարկյալ է համարում՝ նշելով, որ Հայաստանը 21 տարի է, ինչ քաղբանտարկյալ է թաքցնում։ «Ես քաղբանտարկյալ եմ։ Ես Ռոբերտ Քոչարյանի գերին եմ եղել։ Հմի էլ սրանց գերին եմ։ Գործերով եմ ասում։ Բոլորդ կարող եք վերցնել-նայել. իրավաբան, որքան կան։ Եթե կասեն՝ ես սուտ եմ ասում, էլ ես կյանքում ազատվելու դիմում չեմ գրի»,- ընդգծում է նա։ Տեր-Սահակյանը նշում է, որ բանդայի գործով իրեն 10 տարի պատիժ սահմանել են, ոչ թե՝ մահապատիժ. բանդիտիզմի համար մահապատիժ չեն սահմանել։ «Իմ արած-չարած սաղ գործողությունները, ինչը բանդային ա վերաբերում, 10 տարի ա դատարանը սահմանել 2000 թվականին»,- շեշտեց նա։ «Կարգին մարդ ա, թողեք թող շուտ գա Երևան։ Վանոն ի՞նչ ա արել։ Վանոն էս պետությանը օգուտ տալուց բացի, վատ բան չի արել»,- անդրադառնալով Վանո Սիրադեղյանին՝ ասաց Արմեն Տեր-Սահակյանը։  Նրա համար հասկանալի է, թե իշխանափոխությունից առաջ ինչո՞ւ չէր ազատ արձակվում, քանի որ իր իսկ խոսքով՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի գերին էր, և չարեց վերջինների ասածը, այն է՝ ցուցմունք տալ Վանո Սիրադեղյանի դեմ, իսկ ներկայումս իր համար անհասկանալի է, թե ինչու ազատ չի արձակվում։ «Այ հենց ստեղ ա հարցը ծագում։ Արտակ Զեյնալյանը հիմա հների՞ հետ ա, թե՞ նոր ա։ Ուզում եմ ճշտել՝ հների զակազը վրե՞ս ա, թե՞ ոնց։ Եթե օրենքից են խոսում, օրինականությունից են խոսում։ Ուղղակի շատ բան իրա մասին չխոսամ, հետո կխոսամ»,- եզրափակեց նա՝ արդարադատության նախարարի գործողություններին անդրադառնալով։  Դատական նիստը հետաձգվեց. այն կշարունակվի մարտի 12-ին։ Նշենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության զեկույցի համաձայն՝ դրական եզրակացություն չէր տրվել  Արմեն Տեր-Սահակյանի վաղաժամկետ ազատման համար: Ըստ այս զեկույցի՝ պրոբացիոն ծառայությունն Արմեն Տեր-Սահակյանին համարել էր «միջին ռիսկայնության», իսկ քրեակատարողականը՝ «բարձր ռիսկայնության»: Իսկ «Ա1+»-ի  հետ հեռախոսազրույցում Տեր-Սահակյանի փաստաբան Սուսաննա Սարգսյանը նշել էր, որ արդարադատության նախարարության պրոբացիայի վարչությունը տվել է դրական եզրակացություն, իսկ քրեակատարողական ծառայությունը՝ բացասական եզրակացություն, սակայն քրեակատարողական հիմնարկը կեղծ տեղեկատվություն է մտցրել իր որոշման մեջ, ըստ որի՝ և՛ պրոբացիան, և՛ քրեակատարողական վարչության ծառայությունը տվել են բացասական եզրակացություն, որը իրականությանը  փաստացի չէր համապատասխանել։ Ինչպես նա պարզաբանել էր, որ եթե 2 եզրակացություններից մեկը դրական է, ապա պետք էր Արմեն Տեր-Սահակյանի համաձայնությունը հարցնել: Այսինքն՝ նրա կարծիքը հարցնեին՝ վաղաժամկետ ազատ արձակման համար դատարան միջնորդություն ներկայացնել, թե՝ ոչ: Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը ղեկավարել է ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի կազմակերպած կայուն զինվորական հանցախմբի ղեկավարը, և դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 1990-ականներին ծավալած հանցավոր գործունեության համար ու մեղադրվել խուլիգանությանը օժանդակելու մեջ: Տեր-Սահակյանը ավելի քան 22 տարի գտնվում է անազատության մեջ: