ՏՈՒԺՈՒՄ Է Ե'Վ ՎԱՐՈՐԴԸ, Ե'Վ ՈՒՂԵՎՈՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինԲարեկամության հրապարակում տրանսպորտային նոր հանգույցի կառուցման նպատակով փակված ճանապարհները թիվը օրերս ավելացավ եվս մեկով. Բաղրամյան փողոցը միակողմանի փակվել է, ինչն էլ առանց այդ էլ կաթվածահար եղած երթեւեկությունը ավելի է ծանրացրել: Հատկապես առավոտյան ժամերին, երբ մարդիկ աշխատանքի, իսկ ուանողները դասի են շտապում, 40-50 մեքենա խցանվում են հրապարակում եւ շուրջ կես ժամ չեն կարողանում շարժվել:
Շատերը իջնում են երթուղայինից եւ մետրոյով են շարունակում ճանապարհը, որպեսզի չուշանան:
«Եթե առաջ 200 դրամ էի ծախսում տրանսպորտի վրա, հիմա 300 դրամ եմ ծախսում, որովհետեւ երթուղայինով մեկ ժամից նոր կարող եմ դասի հասնել»,- ասում է ԵՊՀ ուսանողուհի Մարիաննան:
Վարորդ Արմենը հենց իրենց է մեղադրում այս քաոսի համար. «Մեր վարորդները զիջել չգիտեն, ամեն մեկն ուզում է առաջ անցնել, չմտածելով, որ եթե ճանապարհը փակ է, չի կարող անցնել»: Սակայն վարորդներն այսօր ավելի քան լարված են. ամենօրյա ծանր երթեւեկությունը ավելի են դժվարացնում ուղեւորները, որոնք կանգառից դուրս կանգառ են պահանջում եւ երթուղայինը կանգնեցնում են որտեղ ցանկանան: «Արդեն զզվել ենք, էնքան որ ուրիշ գործ չունեմ, թե չէ ոչ մի օր չէի քշի, սենց աշխատել չի լինում»,- դժգոհում է երթուղայինի վարորդ Արտաշեսը:
«Ինչու՞ եք փողոցի ամեն անկյունում կանգնածների համար մեքենան կանգնեցնում»,- հարցին երթուղայինի վարորդները տալիս էին հետեւյալ պատասխանը. «Բա ո՞նց չկանգնեմ, առանց էտ էլ ուղեւորների թիվը պակասել ա, հիմա բոլորը մետրոյով են գնում-գալիս: Եթե չկանգնեմ ես պիտի տուժեմ»:
Փողոցների փակ լինելու պատճառով, որոշ տաքսու վարորդներ իրենց մեքենաները կանգնեցնում են Բարեկամության հրապարակի մեջտեղում, ինչն էլ իր «ներդրումն» ունի երթեւեկության ծանրաբեռնման մեջ: