Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրահայտ Medici-ն կցուցադրի մեր ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երկու համերգները

Մշակույթ

Անգլիական հեղինակավոր Wright Music Management երաժշտական գործակալության նախաձեռնությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մի քանի օր առաջ ձայնագրել է Չայկովսկու 6-րդ «Պաթետիկական»  և Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիաները: Ձայնագրությունը կատարել է շվեդական BIS ընկերության հայտնի հնչյունային ռեժիսոր Յենս Բրաունը: Սիմֆոնիաների համերգային կատարումները հայ հանդիսատեսը կունկնդրի այսօր՝ փետրվարի 11-ին և փետրվարի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգները կտեսագրվեն իսպանական DAKAPP ընկերության կողմից և կցուցադրվեն Medici երաժշտական հեռուստաալիքով: Եվ ձայնագրությունը և տեսագրությունը իրոք իրադարձություն են և ոչ միայն մեր ազգային ֆիլհարմոնիկի, այլև հայկական դասական կատարողական արվեստի համար: Ինչու են ընտրվել հենց այս սիմֆոնիաները «Ա1+»-ի հարցին, նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը պատասխանեց, որ Չայկովսկու 6-րդ սիմֆոնիայի իրենց կատարումը Wright Music Management երաժշտական գործակալությունը որակել է շատ ինքնատիպ և տպավորիչ, իսկ Արամ Խաչատրյանի սիմֆոնիայի, որն ի դեպ անվանում են նաև «Ղողանջներով սիմֆոնիա», նոր, թարմ ձայնագրություն  չկար և կարևոր է, որ այն կատարվեց  Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից։  Ի դեպ, Չայկովսկու 6-րդ սիմֆոնիայի կատարողական վարպետությամբ երաժշտական աշխարհում դատում են նվագախմբի որակի մասին: «Իրոք մեծ աշխատանք է տարվել: Ամեն նոտայի մասին մտածել ենք: Ինչ վերաբերում է Արամ Խաչատրյանի սիմֆոնիային, ապա իմ կարծիքով, հիմնականում շատ կոպիտ ու աղմկոտ են կատարում Խաչատրյանի գործերը: Մեր մեկնաբանությամբ այն ավելի թեթև, գունեղ, ավելի թափանցիկ կատարում է»,-ասում է պարոն Թոփչյանը:  Նա ծրագրում է, որ նվագախումբն այսուհետ ամեն տարի երկու նոր ձայնագրություն կկատարի, որը նրա խոսքով կարևոր է թե՛ նվագախմբի գոյության և թե՛ նվագախմբի միջազգային ասպարեզ դուրս գալու համար: Այսօր համերգին կհնչեն նաև Չայկովսկու  «Պեցցո կապրիչոզոն և Ռոկոկո թեմայով վարիացիաները» թավջութակի և նվագախմբի համար: Համերգի մենակատարն է երիտասարդ սերնդի խոստումնալից թավջութակահարուհի Անաստասիա Կոբեկինան: «Առաջին անգամ եմ Հայաստանում, սակայն շատ հայ ընկերներ ունեմ, որոնցից տեղեկացված եմ եղել ձեր գեղեցիկ և հյուրասեր երկրի մասին»,-ասում է Անաստասիան: Նա իր գովեստի խոսքերն ուղղեց նաև նվագախմբի երաժիշտներին ու ղեկավարին: Փետրվարի 14-ին  Անաստասիա Կոբեկինան և ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը կկատարեն Բրամսի «Կրկնակի կոնցերտը ջութակի, թավջութակի և նվագախմբի համար»: Ի դեպ, այսօր համերգին ներկա կլինի  նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։