Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քոչարյանի նկատմամբ արդարացի խափանման միջոց է ընտրված. Լևոն Բարսեղյան

Քաղաքականություն
levon-barseghyan

«Կարծում եմ, որ Քոչարյանին ներկայացված մեղադրանքը այնպիսին է, և իր ազդեցությունն ու կապեր այնպիսին են, որ իր ազատության մեջ մնալու դեպքում կարող է ազդել քննության ընթացքի վրա: Համարում եմ, որ շատ արդարացի խափանման միջոց է ընտրված»,- ասում է լրագրող, հրապարակախոս, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը`  Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում: Քոչարյանի պաշտպանների ՄԻԵԴ ներկայացված գանգատին անդրադառնալով՝ լրագրողն ասաց, որ փաստաբանների իրավունքն է իրենց պաշտպանյալին պաշտպանելու իրենց գիտելիքների և բարոյականության շրջանակներում: ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև, ԱԱԾ պետի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած խոսակցությունների վերաբերյալ Բարսեղյանն ասաց, որ անընդունելի է այդպիսի քննարկումներն արդարադատության վերաբերյալ, և այդպիսի պրակտիկան պետք է վերացվի:    Սասուն Խաչատրյանի և Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսման մեջ «կալանքը ուզես-չուզես պիտի տաս» մասի վերաբերյալ Բարսեղյանն ասաց, որ նույնիսկ, եթե ապօրինություն է տեղի ունեցել, և արդարադատության վրա ճնշում է գործադրվել, դա չի նշանակում, որ Քոչարյանին «սահմանադրական կարգը տապալելու» մեղադրանքը չպետք է առաջադրվեր: «Դատավորի նկատմամբ ճնշում բանեցնողները պետք է պատասխանատվություն կրեն: Եվ, եթե որևէ մեկը մեղադրվում է ինչ-ինչ հանցագործության մեջ, խափանման միջոցը պետք է ընտրվի համարժեք»,- ընդգծում է Լևոն Բարսեղյանը: 0038 հրամանի վերաբերյալ Բարսեղյանն ասաց, որ եթե նույնիսկ Քոչարյանը տեղյակ չի եղել, ապա գոնե հետո հասկացա՞վ, որ զորք է մտել քաղաք կամ զինվորական հեղաշրջման փորձի դեմ որևէ գործողություն կատարե՞լ է: «Եվ որևէ տեղեկություն մինչև այս դատաքննությունը չի հրապարակվել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ չի եղել 0038 հրամանագրի մասին: Ի՞նչն է խանգարել իրեն: Այդ դեպքից 40 օր շարունակ ինքը զբաղեցնում էր ՀՀ նախագահի պաշտոնը, իսկ մարդը, ով զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, դարձել էր նախագահ: Ի՞նչն էր իրենց խանգարում, որ իրենք այդ զինված հեղաշրջումը խափանեին: Օրինակ՝ մարտի 1-ի առավոտյան էդ հրամանը չեղյալ հայտարարեին, ասեին՝ էս ի՞նչ ապուշություն եք արել, մեղավորներին պատասխանատվության ենթարկեին: Իրենք այնուամենայնիվ որոշել են հանցակցել»,- հարցադրում է անում լրագրողը: Վերջինս շեշտեց նաև, որ նույնիսկ 0038 հրամանի վերաբերյալ տեղյակ չլինելը վատթարացնում է Քոչարյանի վիճակը: «Բազմաթիվ ուրիշ հարցեր են ծագում Քոչարյանի անհեթեթ պատասխաններից հետո: Դրանց բեռը, այնուամենայնիվ, մնում է իր վրա՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի»,- եզրափակեց նա: