Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օպերատորը կոճակ սեղմող չէ, օպերատորը արտիստ պետք է լինի (տեսանյութ)

Մշակույթ
Untitled-1

Հայ ժամանակակից կինոն արդյո՞ք պետք է ունենա իր ազգային դեմքը, թե՞ ոչ: հարցի պատասխանը կինոօպերատոր Վահագն Տեր-Հակոբյանի համար միանշանակ է: Ազգայինի մեջ պետք է լինի ազգայինն ու համամարդկայինը: Ազգայինից պետք է դուրս գալ դեպի  համամարդկայինը, քանի որ հակառակ դեպքում աշխարհին մեր կինոն անհետաքրքիր է դառնում: Եթե կա ասելիք, գաղափար և գեղագիտական մոտեցում` ֆիլմը կարող է կյանք ունենալ և երկար ապրել: Եվ դա չի պահաջում մեծ բյուջե, մեծ գումարներ: Սա է այն բանաձևը, որ ըստ նրա՝ հեռանկարային է: Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան բուխարու սրահում ժամանակակից կինոյի և հայկական կինոյի զարգացման հեռանկարների շուրջ կինոզրույցների հերթական հյուրը օպերատոր Վահագն Տեր-Հակոբյանն էր: «Օպերատորը կոճակ սեղմող չէ, -ասում է նա,-օպերատորը արտիստ պետք է լինի, որն առաջին հերթին իր մեջ արվեստ է կրում»։ Նրա խոսքով, վերջին երեսուն տարիներին տեխնիկան զարգացել է, բայց գեղագիտության պակաս կա և ագրեսիան է ավելացել: Կինոն իջել է կենցաղային մակարդակի: «Երկիր մոլորակը տանում են դեպի նյութական աշխարհ: Ոնց որ թե մարդկանց ստիպում են, որ ավելի նյութականի մասին մտածեն, քան արվեստի, որտեղ մարդ պետք է մտածելու ունակություն ունենա , կրթված լինի և գրագետ»,-ասում է նա: Մարդկությունն այսօր, ցավոք, շեղվել է որոշակի արժեքներից և արվեստի գեղագիտությունը տուժում է: Եվ սա ողջ աշխարհում է այդպես, սկսած 90-ականներից: Ինչպես ասում էր Տարկովսկին, եթե մարդ ստանում է գեղագիտական հաճույք և հոգու ցնցում՝ դա արվեստ է: «Տարկովսկին, Ֆելինին, Կուրոսավան, Փարաջանովը կինոաշխարհի պիկեր էին, որոնց, ըստ իս, հասնողներ չկան: Այսօր գաղափարի սով կա և հատկապես կինոյում: Սակայն կինոարվեստը չի մեռնի, դրա հույսը կա, քանի որ նոր սերունդներում  կծնվեն մարդիկ, որոնք այլ կերպ են մտածելու, գեղագիտություն են ունենալու»,- ասում է կինոօպերատոր Վահագն Տեր-Հակոբյանը: