Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահը հանդիպել է Շարժայի կառավարիչ Շեյխի հետ

Քաղաքականություն

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Շարժայի կառավարիչ Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հետ: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Շեյխ Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի ջերմ վերաբերմունքն ու ընդգծված ուշադրությունը հայ ժողովրդի նկատմամբ, որի վառ արտահայտությունն են նրա անմիջական աջակցությամբ ու նվիրատվությամբ իրականացված ծրագրերը։ Հանրապետության նախագահը և Շեյխ Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմին քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները՝ հատկապես կարևորել համագործակցությունը գիտահետազոտական և գիտակրթական բնագավառներում։ «Պատրաստ ենք առավել զարգացնել ու խորացնել մեր բարեկամ երկրների և ժողովուրդների միջև ձևավորված հարաբերությունները»,-շեշտել է Հայաստանի նախագահը: Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հատուկ ընտրված գործարարների խումբ կայցելի Հայաստան՝ համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու և կոնկրետ ծրագրեր քննարկելու նպատակով։  Խոսվել է նաև Շարժայի և Հայաստանի քաղաքներից որևէ մեկը քույր քաղաքներ հռչակելու համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին։ Նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրել է Շարժայի կառավարիչ Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմին այցելել Հայաստան, ինչը սիրով ընդունվել է նրա կողմից։