Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում տնտեսության մեջ բեկումնային առումով իրավիճակ պետք է փոխվի. Վահե Էնֆիաջյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Vahe-enfiajyan-e1539696913283

ԲՀԿ-ն  հավակնում է Ազգային ժողովում ղեկավարել 2 հանձնաժողով՝ Մարդու իրավունքների ու Տարածաշրջանային և ԵՏՄ ինտեգրման ստեղծվելիք հանձնաժողովները, այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց նորընտիր փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։ Նա նշեց, որ յուրաքանչյուր հանձնաժողով պետք է իր նպատակին լավագույնս ծառայի: «Յուրաքանչյուր քաղաքական ուժ օգտվում է իր իրավունքից։ Մեծամասնությունը, օգտվելով իր իրավունքից, իր նախաձեռնությամբ է հանդես գալիս։ Գտնում ենք, որ յուրաքանչյուր հանձնաժողով իր նպատակին պետք է առավելագույնը ծառայի, և այս պահի դրությամբ վերապահումներ կան Տարածաշրջանային ինտեգրման հանձնաժողովի մասով. մենք առաջարկում ենք, որ եվրասիական բաղադրիչն այնտեղ անպայմանորեն տեղադրված լինի, այդ հարցով մենք ավելի վաղ նաև գրավոր ենք առաջարկություն ներկայացրել»,- ասաց նա: Վահե Էնֆիաջյանը կարծում է, որ Տարածաշրջանային ինտեգրման հանձնաժողովի դեպքում  «եվրասիական» բաղադրիչը պետք է լինի եւ ավելացրեց՝ քննարկումներ են ունեցել իրենց ռուս գործընկերների` ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ: Հարցին, թե արդյո՞ք ամոթ չէ, որ Ռուսաստանի հետ քննարկում են Հայաստանի խորհրդարանում ձևավորվելիք հանձնաժողովը, Վահե Էնֆիաջյանն ասաց: «Ձևակերպման մեջ սխալ բառ եք ընտրել` «ամոթ» բառը: Ամոթ է, եթե նախաձեռնողականություն չկա, եթե սոցիալ-տնտեսական վիճակը շատ վատ է, շուրջ մեկ մլն բնակիչ աղքատ է ապրում, ամոթ է այդ խնդիրների մասին չխոսելը: Իսկ մենք քննարկել ենք մեր գործընկերների հետ ԵԱՏՄ-ում ինտեգրվելու, այդ շուկայի հնարավորություններից լիիրավ օգտվելու հարցերը: Մենք մեր գործընկերների հետ պայմանագիր ունենք 2009-ից, ամենատարբեր հարցեր ենք քննարկում, գտնում ենք, որ ՀՀ-ում տնտեսության մեջ բեկումնային առումով իրավիճակ պետք է փոխվի, այսինքն՝ տնտեսական հեղափոխություն լինի»: