Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽՑԱՆՎԵԼԸ` ՄԻԱԿ ՏԱՐԲԵՐԱԿ

Հասարակություն

Այսօր աշխատանքի կամ դասի շտապող մեր համաքաղաքացիները տեղ էին հասնում 40-50 րոպե ուշացումով:Պատճառը Երեւանի փողոցներում առաջացած խցանումներ էին:

«Ամեն օր այս պատկերն է, մի օր 20 րոպե ենք ընկնում խցանման մեջ, մի օր՝ 40 րոպե, մի օր էլ 5 րոպե: Արդեն «ներվային» հիվանդ ենք դարձել: Չգիտես ինչպես եւ որ փողոցով քշես ավտոմեքենան, որպեսզի կարողանաս ուղեւորներին շուտ հասցնես իրենց ցանկացած կանգառները»,- ասաց երթուղային տաքսու վարորդ Արմանը: Մեր համաքաղաքացի Արթուր Գաբրիելյանն էլ կատակով ասաց, որ հիմա, չնայած կեղտին եւ փոշուն, ավելի նախընտրելի է ոտքով հասնել աշխատանքի. «Գոնե ոտքով քայլելիս չես ներվայնանում քաղաքում տիրող այս քաոսից»:

ԵՊՀ ուսանողուհի Վարդուհին էլ պատմեց, որ այսօր առավոտյան դասի հասնելու համար արդեն ուշանալուց հետո միայն իջել է տաքսուց եւ ոտքով հասել դասի:

Բոլորն էլ պնդում էին, որ խցանումների պատճառը քաղաքում իրականացվող շինարարությունն է:

Մեր համաքաղաքացիներից շատերը բողոքում էին սկսված այսքան հապշտապ եւ մեծածավալ շինարարարական աշխատանքներից՝ պատճառանբանելով, որ հիմա կենտրոնում չկա մի տարածք, որտեղ փոշի ու կեղտ չլինի: Նրանք գտնում են, որ շինարարությունը պետք է կատարվեր փուլ առ փուլ. «Մի տեղում թող ավարտեին շինարարական աշխատանքները, հետո նոր անցնեին մյուսին»:

ժամը 13.30-ի սահմաններում էլ Խանջյան փողոցում էլ 200-ից 300 մեքենաներ «խցանվել» էին: Սակայն «խորամանկ» վարորդները բարձրանում էին մայթեր եւ «ազատվում» խցանումից:Շատ մեքենաների վարորդներ էլ իրենց նախընտրած տեղը հասնելու համար փոխում էին փողոցը` պատճառաբանելով, որ այդպես ավելի հանգիստ է, թեեւ ավելի շատ բենզին են օգտագործում: Թե ինչքան ժամանակ կշարունակվեն այդ խցանումները դժվար է ասել:

Ի դեպ, «Շտապ օգնություն» ծառայության ոչ մի մեքենա չի ընկել խցանման մեջ: 1:03 ծառայությունից «Ա1+»-ին տեղեկացրին, որ նաեւ խցանումներից «վատ զգացած» ուղեւորների վերաբերյալ կանչեր չեն եղել: