Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ է թանկացել Արմավիր-Երևան տրանսպորտը

Հասարակություն
armavir-yerevan

Արմավիր- Երևան երթուղին սպասարկող տրանսպորտը հունվարի 8-ից թանկացել է՝ 400-ից  դառնալով 500 դրամ։ Երևանի կենտրոնական ավտոկայանում այդ երթուղու վարորդներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, նշեց, որ  սակագնի բարձրացման մասին ինքն իմացել է մինչև հունվարի 8-ը։  Երթուղին պատկանում է «Գալակտիկա տրանս սերվիսին»։    «Գինը էն գլխից թանկ է եղել, այս մեքենաները տենդերով 500 դրամով են շահել, ուղղակի մինչև այդ՝ 400 դրամով աշխատել են, դա եղել է  բարեգործություն։ Հիմա գնային պայքարի մեջ չի տեղավորվում, դարձրել  է տենդերով շահած գինը»,- ասաց նա։ Ընկերությունը դեռ ամիսներ առաջ էր թարմացրել  ավտոպարկը, նոր մեքենաներ ձեռք բերել, բայց ուղեվարձը չէր թանկացրել։ Հիմա, բացի նոր մեքենաներից, շահագործվում են նաև հին երթուղայինները, որոնց  գինը  400 դրամ է։ Դիտարկմանը, թե հնարավոր է նոր մեքենաներ են ձեռք բերվել, այդ պատճառով է սակագինը բարձրացել՝ վարորդները հերքեցին։ «Նախկինում էլ մեքենաները նոր էին, ուղղակի այս ընթացքում դիզվառելիքի գնի մեջ չտեղավորվելու պահով թանկացրին»։ Երթուղու վարորդները վստահեցրեցին, որ այս 3 օրերի ընթացքում ուղևորներից գնի բարձրացման հետ կապված դժգոհություններ չեն ունեցել։ «Բողոքներ եղել են մի երկու տարեց մարդկանց՝ թոշակառուների կողմից, որ դժվարանում են վճարել, այդքանը»։ Ըստ մեկ այլ վարորդի՝ մարդիկ նախընտրում են հարմարավետ տրանսպորտով երթևեկել։ «Տեսեք ուղևորը կգա, չի նստի գազելը, կսպասի, որ 500 դրամ տա նստի նոր տրանսպորտը։ Իրենք նշում են, որ գազելը հարմարավետ չի  և գերադասում են ավել տալ, բայց հարմարավետ գնալ-գալ»։ Հակառակ  կարծիքին էին  գազելներին սպասող ուսանողները։ Արմավիրցի ուսանողուհի Ալեքսանյան Կարինեն նշեց, որ գազելները անհարմարավետ են, բայց  գնի պատճառով ուսանողությունը ստիպված  է երթևեկում դրանցով։ «Շատ վատ վիճակի մեջ են դնում ուսանողությանը, հասկանում եմ՝ 200 դրամ ա եղածը, բայց ուսանողի գրպանին շատ վնաս է պատճառում»։  Ոսանողուհի Արմինե Սարգսյանը, որը նույնպես սպասում էր Արմավիր գնացող գազելին,  նշեց, որ ուղեվճարի թանկացման մասին իմացել է մամուլի հրապարակումներից։ «Բնականաբար, ոչ մեկի սրտով չի, որովհետև, վերջապես պայմաններ կային հանգիստ կերպով քաղաք հասնելու, այն էլ թանկացնում են»։ Արմավիրի բնակիչ Խաչատրյան Էդիկն էլ, որն ուսանող չէր, ընդգծեց.  «Ես շաբաթվա մեջ կարող է մեկ անգամ եմ գալիս, բայց ուսանողները ամեն օր են գալիս-գնում, որտեղից իրենց այդքան գումար, 400 դրամով մի տեղ էլի կարողանում են տեղավորվել։ Հիշեցնենք, որ Տրանսպորտի, կապի և ՏՏ  նախկին փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ևս նշել էր, որ նախկինում ընկերությունը երթուղու սպասարկման մրցույթը շահել էր 500 դրամով, բայց շահագործում էր 400-ով: