Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թատրոնի տնօրենը ստախոս  է,  շանտաժիստ  ու հարձակվում է աշխատակիցների վրա» (տեսանյութ)

Հասարակություն
tatron

«Ինձ զանգեցին, ասացին՝ եկեք թատրոն, ծանուցում ունեք ստանալու, դա 2018թ դեկտեմբերի 28-ին էր: Ես ասացի՝ քաղաքից դուրս եմ գտնվում, հիմա չեմ կարող գալ, թողեք թատրոնի պահակների մոտ, ես կգամ կվերցնեմ երեկոյան: Հետո ասացին՝ չէ լավ վաղը, ասացի՝ լավ, վաղը կգամ կվերցնեմ, հետո վաղը զանգում է ինձ տնօրենի օգնականը եւ ասում, որ չգաս թատրոն, մենք դա ուղարկում ենք փոստով»: Սա  Գաբիրել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր Տիգրան Գասպարյանի՝ թատրոնից ազատվելու պատմության սկիզբն է միայն: Տիգրան Գասպարյանը մայր թատրոնում է 1983թվականից, իսկ 2012թվականին նշանակվել է գլխավոր ռեժիսոր:   «Ա1+»-ի հետ զրույցում ռեժիսորը մանրամասնեց, թե ինչպես է տեղեկացել, որ իրեն ազատել են աշխատանքից: Գասպարյանի խոսքով, ինքը փորձել է պարզել, թե ինչ է գրված ծանուցման մեջ, սակայն պատասխան չի ստացել: «Ամսի 28-ին որ զանգեցին, հարցրի՝ ի՞նչ է ծանուցման մեջ, պատասխանեցին, որ չգիտեն, չեն կարող ասել, ասացի՝ տառաճանաչ չե՞ք, չեք կարող կարդա՞լ, ինչ է ծանուցման մեջ: Ինձ ոչ ոք ոչինչ չի ասել, ես ծանուցումը ստացել եմ հունվարի 9-ին, էնպես որ, ինձ որեւէ մեկը չի ասել, որ մենք քո հաստիքը կրճատում ենք: Այդ տղան ստախոս է, որովհետեւ մի ամիս առաջ, ինչ որ զրույցի ժամանակ ասաց,- Վարդան, կարո՞ղ է մտքիդ կա ինձ հանես փողոց, ասաց՝ ոչ: Այս խոսակցությունը եղել է մեկ ամիս առաջ, բա ստախոս չի, ինչ է»,-նշեց Տիգրան Գասպարյանը: Վերջինս վստահ է, որ իր գլխավոր ռեժիսոր եղած տարիներին, թատրոնը մեծ հաջողություններ է ունեցել, ինչը չի կարելի ասել այսօրվա ղեկավարության մասին՝ թատրոնի տնօրեն՝ Վարդան Մկրտչյանի եւ գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Էլբակյանի: Ռեժիսոր Տիգրան Գասպարյանի խոսքով՝ Էլբակյանի գեղղեկավար նշանակվելուց հետո ինքը որեւէ բեմադրություն չի արել: Հաստիքների կրճատման մասին ծանուցումներ ստացել են թատրոնի այլ աշխատակիցներ եւս: Աշխատակիցների խոսքով՝ թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը երբեք ժողովներ չի հրավիրել, անձամբ լսելու, տեղեկանալու, ինչպես նաեւ շփվելու թատրոնի անձնակազմի հետ: «Ա1+»-ը փորձել է պարզաբանումներ ստանալ նաեւ մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանից:  «Ես մի սկզբունք ունեմ որդեգրած, որ ցանկացած հարց պիտի պատասխանը ստանա, բայց ես չեմ կարծում, որ իմ ամեն հրամանի, կամ ամեն որոշման հետ կապված պետք է հեռուստատեսությամբ խոսել  կամ քննարկել, բայց եթե դրա անհրաժեշտությունը կա՝ խնդրեմ: Ինչ վերաբերվում է աշխատակիցներին, ապա՝ որեւէ մարդ, կամ որեւէ բան օրենքից վեր չէ, այն, ինչ որ կատարվել է թատրոնում, դա բնականոն ընթացակարգ է, որը լինում է ամեն տարի, ամեն թատրոնում: Տարեվերջին հաստատվում է հաջորդ տարվա հաստիքացուցակը եւ թատրոններն աշխատում են ըստ այդ հաստիքացուցակի, նույն էլ կատարվում էր Սունդուկյանի թատրոնում: Այդ կրճատումները, որոնք եղել են պայմաններից ելնելով՝ ստիպված կրճատումներ են»,-ասաց թատրոնի տնօրենը: Մայր թատրոնի նախկին գլխավոր ադմինիստրատոր Մարիամ Հարությունյանն էլ «Ա1+»ի հետ զրույցում այլ տեղեկություններ հայտնեց: Ըստ Հարությունյանի՝  տնօրեն Վարդան Մկրտչյանը փորձել է բռնություն կիրառել իր նկատմամբ: Մարիամ Հարությունյանը մեկի ամիս առաջ, իր սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Նա թատրոնում աշխատել է 21 տարի. «Տնօրենը, երբ մտել է թատրոն, դրել է իր օրենքները, իմ բոլոր լիազորությունները, որ տարիներ շարունակ ունեցել եմ, ինձ զրկել է այդ լիազորություններից: Նա ահավոր սուտխոսան մարդ է, ահավոր, շանտաժիստ, ամեն ինչի ընդունակ անձնավորություն: Ինքը մի անգամ ինձ կանչեց իր մոտ եւ ասաց, որ ես այլեւս չեմ ուզում ձեզ հետ աշխատել, որովհետեւ դուք շատ բան եք հասկանում: Իհարկե, շատ բան եմ հասկանում թատրոնից, որովհետեւ 21 տարի աշխատել եմ թատրոնում, իսկ դա իրեն ձեռք չէր տալիս»: Մարիամ Հարությունյանի խոսքով՝ տնօրեն Վարդան Մկրտչյանն անգամ փորձել է հարձակվել իր վրա՝ ազատման դիմում չգրելու համար: «Տեղից դուրս թռավ, ուզում էր հարձակվել, բայց զսպեց իրեն: Ես հերթական զոհերից եմ, ինքը ում հետ չի ուզում աշխատի, հանգիստ ձեւով ազատում է աշխատանքից»,-ասաց Հարությունյանը: