Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությամբ սկսվեց քաղաքական որսագողության ժամանակաշրջանը. Իրինա Քոչարյան

Հարցազրույց

Հարցազրույց Ռոբերտ Քոչարյանի զարմուհի, Երևանի ավագանու նախկին անդամ  Իրինա Քոչարյանի հետ -Ինչպե՞ս եք գնահատում Ռոբերտ Քոչարյանին վերստին կալանավորելը: Փաստաբանները միջնորդությունն են ներկայացրել, որպեսզի փոխվի խափանման միջոցը. ակնկալո՞ւմ եք, որ Ամանորին նա կլինի տանը: -Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ձերբակալությունները հակասում են սահմանադրական նորմերին, և նոր իշխանությունների կողմից պատմությունը իրենց օգտին սրբագրելու փորձ են ընդամենը։ Եթե ամեն ինչ հիմնված լիներ օրենքների ու սթափ մտածելակերպի վրա, այս ձերբակալությունները չէին լինի ընդհանրապես։ Ինչ վերաբերում է խափանման միջոցի փոփոխմանը, տեսնենք արդյո՞ք թույլ կտա նրանց հիվանդագին «ԵՍ»-ը՝ էգոն, թույլ կտա գնալ այդ քայլին, առավել ևս, որ նոր իշխանությունների վարք ու բարքից ակնհայտորեն երևում է, որ Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ գտնվելը նրանց ծրագրերի ու հենց իրենց համար որոշակի սպառնալիք է կրում իր մեջ։ Այդ պատճառով նրանք բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով (մեջբերեմ մեր քաղգործիչներից մեկին) փորձում են «փակել» նրան։ Լիովին ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությամբ Հայաստանում սկսվեց քաղաքական «որսագողության» ժամանակաշրջանը (эпоха политического браконьерства») ։ Եվ իրականում, դե-ֆակտո՝ «թավշյա իշխանությունների» կրեդոն ոչ թե հայտարարագրված «սերն ու հանդուրժողականությունն» են, այլ՝ ատելության համակարգված սերմանումը։ Իսկ տեռորը՝ ահաբեկչությունը այլախոհների հանդեպ, ոչ այլ ինչ է, քան՝ ջանադրաբար թաքցվող թուլության ու վախի արտահայտություն։ -Հասցրե՞լ եք կարդալ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքը: Ո՞րն եք համարում հանրությանն ուղղված ամենակարևոր ուղերձը: -Այո, կարդացել եմ։ Եվ կարող եմ ասել, որ դա վերջերս կարդացածս ամենահետաքրքիր գրքերից մեկն է։ Գիրքը ոչ միայն հնարավորություն է տալիս գլխավոր գործող անձի հայացքով նայել մեր ժողովրդի նորագույն պատմության հրատապ ու կենսական իրադարձություններին, այլև՝ համոզված կարող եմ ասել, որ գիրքը նաև գեղարվեստական արժեք է ներկայացնում։ Կարծում եմ, գլխավոր ուղերձը, որ Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է իր ինքնակենսագրականում, դա այն գաղափարն է, որ ամբողջ ազգի մասշտաբով կայացվող որոշումների հիմքում պետք է լինի ոչ թե լիդերության ու իշխանության ձգտելը, այլ՝ սեփական ժողովրդի, նրա ճակատագրի մասին անկեղծ մտորումներն ու ապրումները։ Հատկապես, երբ այդ որոշումները ստիպված ես ընդունել ազգային ինքնության պահպանման համար պայքարում, ռազմական առճակատման պայմաններում։ -Դուք ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ էիք: Ակնկալո՞ւմ եք, որ ԲՀԿ-ն այլ վարքագիծ կդրսևորի: Ո՞ր քաղաքական ուժերից եք աջակցություն ակնկալում: -Կարծում եմ, խորհրդարան մտած բոլոր քաղաքական ուժերը բավականին ակնհայտորեն ցուցադրել են իրենց վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի գործին։ Եվ դժվար թե մոտ ժամանակներս ինչ-որ բան փոխվի։ Իսկ ինչ վերաբերում է մնացած կուսակցություններին և ժողովրդի այն մասին, որը դեռ պահպանել է սթափ մտածելու ունակությունը, ապա ներկայիս իշխանությունների իռացիոնալ ու անարդյունավետ քաղաքականությունը ինքն այնպես կանի, որ դժգոհների քանակը կսկսի աճել գլորվող ձնագնդի նման։ Եվ ժողովրդի այդ մասը կսկսի միավորող կենտրոն փնտրել, որի շուրջը կկարողանար մեկտեղել իր ուժերը։ Պատմությունը ցույց է տալիս, որ գործնականում բոլոր քաղաքական կուսակցությունները, ում հայտարարագրված գաղափարախոսությունը տարընթաց է փաստացի գործողությունների հետ, վաղ թե ուշ մեռնում են՝ խեղդվելով սեփական ստերի մեջ։ Ինչքան մեծ է սուտը, այնքան աղմկոտ է ձախողումը։ Նույնը սպասում է թավշյա իշխանություններին։ Միայն թե կասկածում եմ, արդյո՞ք ձախողումն էլ թավշյա կլինի։ Դա հասկանում է նաև երկրի ղեկավարությունը, և հենց դա է պատճառներից մեկը, որ նրանց համար այդքան կարևոր է նսեմացնել Հայաստանի երկրորդ նախագահի ազդեցությունը երկրի ներքին գործընթացների վրա։ -Ո՞վ է «2008 թվականի մարտի 1-ի անկարգությունների կազմակերպիչը», որ Ռոբերտ Քոչարյանին պնդմամբ, փորձում է մաքրվել արյունից և իրեն մեղադրել: -Իսկ պատասխանը մի՞թե ակնհայտ չէ։ -Ի՞նչ կապ եք տեսնում Արթուր Աղաբեկյանին մեղադրանք առաջադրելու, Մանվել Գրիգորյանի կալանավորման և Քոչարյանի կալանավորման միջև: -Նրանք երեք բացարձակապես տարբեր, իրար հետ չկապակցված մարդիկ են և երեք տարբեր գործեր են: Նրանց միավորում է միայն մի հանգամանք` նրանք երեքն էլ Արցախյան ազատամարտի մասնակիցներ են: Հարցազրույցը՝ Սերգեյ Առաքելյանի