Հանրային տրասնպորտի ծրագիրը դեռ ավարտված չէ. Երևանի փոխքաղաքապետ (տեսանյութ)
«Տրանսպորտի վիճակի վերաբերյալ մենք էսօր աշխատում ենք մեծ, շատ մեծ խմբով և մեծ ժամանակային ռեսուրսով աշխատում ենք տրանսպորտի ցանցի բարելավման ծրագրի վրա, որը մեր համար իրականացրել է անգլիական WIG ընկերությունը»,- ասում է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: Փոխքաղաքապետն ասաց, որ ծրագիրն ավարտական փուլում է, սակայն ծրագրի որոշ դրույթներ ընդունելի չեն. կա ծրագրի վերանայումների և բարելավումների անհրաժեշտություն կախված ուղևորահոսքի գնահատված ծավալի և ուղեվճարի սակագնի հաշվարկի հետ: «Այս փուլում ծրագիրը դեռ ավարտված չէ՝ ծրագրի մշակման աշխատանքը: Եվ մենք չենք ստորագրում ծրագրի ընդունումը, քանի դեռ մեր նախանշած պայմաններն ու որակական գնահատականները, այդ թվում՝ սակագնի հաշվարկի մոդելը, մեխանիզմներն ու մեթոդը մեզ չեն հրամցվել այնքան պարզ ու մատչելի, որպեսզի կարողանանք գնահատել ստացված պրոդուկտը»,- տրանսպորտի վերաբերյալ մանրամասների մեջ եզրափակեց Սարգսյանը: Անդրադառնալով «Լույս» դաշինքի այն պնդմանը, որ բյուջեի հետընթաց է տեղի ունեցել, Հայկ Սարգսյանը այն համարեց անբարեխիղճ մոլորություն։ Քանի որ ըստ նրա 2019 թվականի բյուջեն 2018 թվականի բյուջեի համեմատ գրանցել է 2 միլիարդի մուտքերի աճ, որը իրենք համարում են բավական համեստ պլանավորում։ Նա ավելացրեց, որ երբ ավարտվի վարչական շրջաների իրականացվող տարածքային վերաչափումների գործընթացը, հնարավոր է և որ 2 միլիարդ ևս ավելացվի։