Հակակոռուպցիոն ռազմավարություն է մշակվում
Հայաստանում 2019-2022 թթ. հակակոռուպցիոն նոր ռազմավարության նախագիծը պատրաստ է։ Այն այսօր քննարկվեց քաղաքացիական հասարակության շահագրգիռ կազմակերպությունների հետ։ Փաստաթղթի հիմքում կոռուպցիայի դեմ պայքարի 3 հիմնական հենասյուներն են՝ հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիայի կանխարգելում և պատժի անխուսափելիություն։ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ կառավարությունը և քաղաքացին պետք է միասին պայքարեն կոռուպցիայի դեմ: «Հակակոռուպցիոն կրթությունը ենթադրում է մատչելի ձևով հակակոռուպցիոն արժեքների, գիտելիքների տարածում՝ սկսած նախադպրոցական հաստատություններից, դպրոցից , միջին մասնագիտական հաստատություններից, բուհերից, որպեսզի այդ արժեքները տիրապետեն և հասկանան, որ կոռուպցիան չարիք է»: Հակակոռուպցիոն կրթության ծրագիրը կիրականանա հետևյալ մեխանիզմներով: «Կարող է լինել սեմինարների, հանդիպումների, համակարգչային խաղերի տեսքով, օրինակ դպրոցականները խաղում են, բայց նաև կարող են այդ ընթացքում հակակոռուպցիոն արժեքների տիրապետել և հակակոռուպցիոն վարքագիծ որդեգրել»: Եթե կոռուպցիան չի վերանում, ապա սկսում է գործել պատժի անխուսափելիությունը: Ըստ Զադոյանի՝ կլինի մասնագիտական մարմին, որը կզբաղվի դրանով: «Օպերատիվ հետախուզական լիազորություններով մարմին կլինի, որը կարող է ճիշտ մեղադրանք ներկայացնել դատարան, իսկ դատարաններում մենք պետք է ունենանք կոռուպցիոն հարցերով մասնագիտացված դատավորների, որպեսզի մենք տեսանելի արդյունքներ ունենանք»: Աննախադեպ պայմաններ կան կոռուպցիայի դեմ պայքարի համար, ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Նախարարությունը կոռուպցիան կանխարգելելու համար դիտարկում է էլեկտրոնային և թվային գործիքների կիրառումը պետական մարմինների և քաղաքացու միջև: Առողջապահական, կրթական, պետական եկամուտների հավաքագրման և ոստիկանական համակարգերը նախկին կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի թիրախում էին: «Այդ ոլորտները ընտրվել են այն պատճառով, որ այնտեղ քաղաքացիները ավելի շատ են շփվում պետական մարմինների և ծառայություն մատուցող սուբյեկտների հետ»,- նշեց Սուրեն Քրմոյանը: Նոր կառավարությունը ավելացրել է սոցիալական, բնապահպանության և ընդերքի ոլորտները: Արդյո՞ք գոհացնում է նոր կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարը մեր քաղաքացիներին, կարող եք դիտել տեսանյութում: