Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
nairit-1

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Նաիրիտ»-ի աշխատակիցները։ «Ա1+»-ի հետ զրույցում Սոֆիկ Ուստյանն ասաց, որ իրենց խաբել են, աշխատավարձերը վճարել են ոչ ամբողջությամբ, և հիմա իրենք պահանջում են չստացած աշխատավարձերը։  Բողոքի ակցիայի մասնակիցները նաև նշում են, որ ձեռնարկության սնանկացումը ձևական է արվել, որ արդյունաբերական հսկայի վերագործարկումը իրատեսական է։ «Նաիրիտ»-ի աշխատակիցների հիմնական պահանջներից է նաև գործարանի շահագործումը։ Ցուցարարների ներկայացուցիչ, գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը, ոստիկանի ուղեկցությամբ, մուտք գործեց կառավարության շենք, որտեղ նրան ընդունել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։ Իսրայելյանը ներկայացրել է նաիրիտցիների պահանջները, իսկ Նաիրի Սարգսյանը խոստացել է խնդիրը փոխանցել վարչապետին։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ նպատակահարմար պահի վարչապետն ընդունի «Նաիրիտ»-ի մի քանի ներկայացուցչի։ Բողոքի ակցիան դեռ շարունակվում է։ Նաիրիտցիները հայտարարում են, որ չեն հեռանա կառավարության շենքի մոտից մինչև չհանդիպեն Նիկոլ Փաշինյանին։ Բողոքի ակցիայի համակարգող Կարինե Շահվերդյանը նշեց, որ իրենք աշխատավարձի  երեք քառորդը  ստացել են: Խոսքը 500 000 դրամ և ավելի աշխատավարձ ստացողների մասին է: Պատրաստ են անգամ աշխատավարձի մնացյալ մասը չստանալ, միայն թե գործարանը վերաբացվի:  «Մենք բազմիցս ենք ասել, որ եթե «Նաիրիտ»-ը աշխատի, մենք պատրաստ ենք այդ տոկոսները զիջել, որովհետև աշխատանքը մեզ համար շատ կարևոր է»: Նախիկն կառավարությունը բազմիցս է անդրադարձել նաիրիտցիների խնդրին և նշել, որ գործարանը հնարավոր չէ կրկին շահագործել: Սրան ի պատասխան՝ Կարինե Շահվերդյանը նշեց. «Նախկին կառավարությունը, երբ  ներդրող էր  գալիս, իրենք պահանջում էին այսքան տվեք մեզ, այսինքն դրեք մեր գրպանը և աշխատացրեք»: Ըստ նրա՝ վերջերս տեղի ունեցած աուդիտից հետո, մասնագետները զննելով գործարանը, համոզվել են,  որ «Նաիրիտ»-ը կարող է աշխատել: Դրանում համոզվել է նաև միջազգային «Ջակոբս» կազմակերպությունը: «3 անգամ աուդիտ է անցկացրել, և համոզվել, որ հնարավոր է, բայց  մեծ գումարների դեպքում, 250 միլիոն դոլարի պայմաններում»: Աշխատակիցներից Սոֆիկ Ուստյանն էլ նշեց, որ արդեն 6 տարի է, ինչ Ռուսաստանում է ապրում, այնտեղ է աշխատելու նպատակով, որպեսզի տան գրավի գումարը վճարի: «6 տարի տառապել եմ այնտեղ, բայց այսօր մի կոպեկ փող չունեմ: Ինչի՞ համար, ես աշխատում էի «Նաիրիտ»-ում, շատ լավ էր: Դիտարկմանը, թե պատրաստվում է կրկին գնալ Հայաստանից շեշտեց. «Եթե գործարանը աշխատի, առաջին հերթին ես եմ գնալու՝ աշխատելու: Իսկ եթե հարցը չլուծվի, բնակարանս էլ վաճառելու եմ ու ընտանիքիս հետ գնամ:  Ես ու՞ր գնամ այս տարիքին, որ ինձ գործի ընդունեն, ասում են՝ ծեր ես»: