Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոպրանո Գոհար Հակոբյանի «Աղոթք»-ը (տեսանյութ)

Մշակույթ
gohar

Սոպրանո Գոհար Հակոբյանը հանրությանը կներկայացնի իր նոր՝ «Աղոթք» ստեղծագործությունը, որի հեղինակը կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանն է: Ստեղծագործության պրեմիերան տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Նարինե Զարիֆյանի ստեղծագործական գործունեության 40-ամյակին նվիրված մեծամասշտաբ համերգի ընթացքում: Գոհարն այն կատարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի նվագակցությամբ: Մեծամասշտաբ համերգից օրեր անց տեղի կունենա ձայնի և նվագախմբի համարգրված «Աղոթք» ստեղծագործության տեսահոլովակի պրեմիերան: Գոհար Հակոբյանը փաստում է՝ երգն իր բնույթով կոչ է: ««Աղոթք» երգը կարծես հոգու ճիչ լինի: Այն կոչ է անում մարդկանց իրենց մեջ լույս գտնել: Լույս, որն առկա է յուրաքանչյուր մարդու մեջ: Եվ ստեղծագործությունում ասվում է, որ մարդիկ չպետք է վախենան և ոչ մի բանից, այլ ձեռք ձեռքի բռնած հնարավոր է հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Եվ որ ամենակարևորը հավատն է: Նշեմ, որ երգը գրված է հայերեն և անգլերեն լեզուներով: Ստեղծագործության տեքստում առկա է նաև Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» գործից թևավոր խոսք. «Ամենակարևորը աչքով չեստեսնի, սիրտն է միայն սրատես»,-նշում է Գոհար Հակոբյանը: Տեսահոլովակն այնպես է ստեղծվել ու մոնտաժվել, որ դիտողի ուշադրությունը գրավի երգչուհին և նրա ձայնը: Երգչուհու կերպարը նման է ծաղկի: Նշենք, որ ստեղծվել է երկու տեսահոլովակ, մեկը՝հայերեն, մյուսը՝անգլերեն: Երգչուհի Գոհար Հակոբյանը կատարում է ոչ միայն դասական ստեղծագործություններ, այլև սիմֆո-փոփ գործեր, ինչպես նաև կինոերաժշտություն: Նա նշումէ, որ սիմֆո-փոփ ժանրն այդքան էլ մեծ ժողովրդականություն չի վայելում Հայաստանում: Հիմնականում սիմֆո-փոփ գործեր հեղինակել է կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը: Երգչուհին հույս ունի, որ ժանրը ժողովրդականություն կվայելի  նաև մեր երկրում, և այդ ժանրով գործեր կատարող հայ արտիստները հնարավորություն կունենան հանդես գալ միջազգային հարթակներում, մասնակցել հեռուստատեսային միջազգային մրցույթների: Նշենք, որ Գոհար Հակոբյանը ներկայումս բնակվում է Մինսկում: 2010-16 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Նելլի Փիրումովայի դասարանում: Կոնսերվատորիան ավարտել է գերազանցությամբ: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է: Հատկանշական է, որ նա 2016-ին իր հայրենիքում դարձել է Գյումրիի «Վերածնունդ» միջազգային մրցույթի դափնեկիր: Երգչուհին Via-Goar երաժշտական կոլեկտիվի անդամ է. կոլեկտիվում նվագում են Բելառուսի առաջատար երաժիշտները: 2017-ին Բելառուսում տեղի է ունեցել Գոհար Հակոբյանի առաջին մենահամերգը: Այն կրում էր «Музыкадуши» խորագիրը, և անցավ մեծ հաջողությամբ: Այս տարվա սկզբին էլ Բելառուսի պետական ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավարի առաջարկությամբ անցկացվեց երգչուհու երկրորդ մենահամերգը: Ներկայացվեցին իտալացի, ավստրիացի, ռուս և հայ կոմպոզիտորների գործեր, ինչպես նաև կինոերաժշտություն: Ներկայումս Հակոբյանը Բելառուսի պետական ֆիլհարմոնիայի հրավիրյալ արտիստն է: Առաջիկայում Գոհար Հակոբյանն ու Նարինե Զարիֆյանը  հանդես կգան համատեղ այլ ձեռնարկներով: Գոհարը նաև իրեն կդրսևորի հանրահայտ վոկալ մրցույթներում: Երգչուհու ծրագրերում է առաջիկայում լսումներ անցնել  Բելառուսի Մեծ թատրոնում: